Էջ:Ընտրանի.djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Նման դեպքերում չպետք է բացառել, իհարկե, Ռաբին – Պերեսի սինդրոմի ազդեցությունը։ Բայց չի կարելի անտեսել նաեւ Նաթանյահուի սինդրոմը, որը անզիջող դիրքերից գալով իշխանության գլուխ, կարճ ժամանակ անց, թեեւ դժկամությամբ, ստիպված եղավ շարունակել Ռաբինի ու Պերեսի սկսած խաղաղության գործընթացը։

Որոշ թյուրիմացություններ

Ընդդիմության հետասուլիսյան քարոզարշավում շրջանառության մեջ են դրվել որոշ թյուրիմացություններ, որոնցից մի քանիսին հարկ եմ համարում թռուցիկ կերպով անդրադառնալ։

Առաջին թյուրիմացությունը, եթե կուզեք՝ վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել։ Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել։ Չհասկանալ այս պարզ իրողությունը, կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների։

Երկրորդ թյուրիմացությունը այն անհիմն պնդումն է, թե Ղարաբաղը շահել է պատերազմը, հետեւաբար կարիք չունի որեւէ զիջման գնալու։ Դժբախտաբար, Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը։ Պատերազմը շահում են միայն այն ժամանակ, երբ հակառակորդը կապիտուլյացիայի է ենթարկվում։ Պատերազմի ու ճակատամարտի շփոթությունը շատ շատերին է փորձանքի բերել։

Երրորդ թյուրիմացություն. մինչեւ հիմա մեզ ամեն ինչ հաջողվել է, ուստի այսուհետեւ եւս կհաջողվի։ Այսինքն՝ մինչեւ հիմա մենք կարողացել ենք հաղթել Ադրբեջանին, այսուհետեւ էլ կհաղթենք, մինչեւ հիմա մենք դիմացել ենք արտաքին ճնշումներին, այսուհետեւ էլ կդիմանանք եւ այլն։ Սա թերեւս թյուրիմացություններից ամենավտանգավորն է, որովհետեւ ապագա հաջողությունների գրավականը դիտում է ոչ թե ուժերի ապագա հարաբերակցությունը, այլ անցյալի հաջողությունները։ Այսպես մտածողները լուրջ պրոբլեմ ունեն տրամաբանության տարրական օրենքների հետ։ Եթե ապագա հաղթանակները պայմանավորված լինեին անցյալի հաջողություններով, ապա մեկ անգամ հաղթողն այլեւս երբեք չէր պարտվի, այսինքն Հռոմեական կայսրությունը երբեւէ չէր կործանվի։