Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս կարծիքներից մի քանիսին ռեպլիկի կարգով արդեն արձագանքել եմ, ուստի հարկ չեմ համարում կրկնել իմ առարկությունները։ Մյուսներին կփորձեմ անդրադառնալ ելույթի ընթացքում։

* * *

Այժմ անցնենք բուն նյութին։ Ինչպես իմ բացման խոսքում ասացի, գոյություն ունի Ղարաբաղի հարցի կարգավորման երեք հնարավորություն.

1. Փաթեթային տարբերակ. 2. Փուլային տարբերակ. 3. Ստատուս-քվոյի պահպանում։

Ես այսօր չեմ պատրաստվում խոսել առաջին երկու տարբերակների առավելությունների ու թերությունների մասին, քանի որ նախ՝ բոլորդ էլ դրանց ծանոթ եք, եւ ապա՝ մեր դիտողություններն ու վերապահումներն այդ տարբերակների վերաբերյալ արտահայտված են Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված պաշտոնական պատասխաններում (այդ փաստաթղթերը ձեզ բաժանված են)։ Բացի այդ, նշված տարբերակների մասին խոսելն իմաստ կունենա միայն այն բանից հետո, երբ պարզենք՝ մենք պատրա՞ստ ենք, կամ համոզվա՞ծ ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել այսօր, թե՞ դեռ անհրաժեշտ է սպասել, այսինքն՝ առայժմ պահպանել ստեղծված ստատուս-քվոն, հույս ունենալով, թե ժամանակը մեր օգտին կաշխատի, եւ Ղարաբաղի հարցը կլուծվի ինքնըստինքյան՝ աշխարհը վաղ թե ուշ կհաշտվի կատարված փաստի հետ։ Քանի որ ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ շատերը հակված են երրորդ տարբերակին, ուստի ես կկենտրոնանամ բացառապես դրա վրա։

Տեսականորեն չեմ ժխտում, որ ստատուս-քվոյի պահպանումը թերեւս կարող էր լինել լավագույն ելքը, քանի որ ի տարբերություն առաջին երկու տարբերակների, որոնց հիմքում ընկած է փոխզիջման գաղափարը, այն ենթադրում է բացառապես հաղթական լուծում։ Սակայն դա միայն տեսականորեն։ Իսկ գործնականում այդ ճանապարհն ընտրելուց առաջ մենք պարտավոր ենք պատասխանել այն հարցին, թե Հայաստանը, որ Ղարաբաղի գոյության միակ երաշխիքն է, ի վիճակի՞ է երկար ժամանակ պահպանել ստատուս-քվոն՝ միաժամանակ ապահովելով իր նորմալ կենսագործունեությունը, տնտեսական բարգավաճումը, ռազմական հզորությունը, ինչպես նաեւ հաղթահարելով շրջափա