Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կոմիտեի աշխատանքային խոհանոցում Լեւոն Տեր-Պետրոսյանի կշռի ու խաղացած դերի մանրամասների մասին երբեւէ կվկայեն, թերեւս, դրա անդամները՝ իրենց գրելիք հուշերում[1]։ Մենք ունենք այդ դերի ու կշռի վերջնական ընդհանրական գնահատականը՝ 1990 թ. Գերագույն խորհրդի ընտրություններից անմիջապես հետո, նույն Կոմիտեի կայացրած որոշման տեսքով. Շարժման ղեկավար մարմինն իր պատմական առաքելությունն ավարտեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը որպես երկրի ղեկավարի՝ Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու առաջարկելու որոշմամբ։

Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կերպարը Շարժման տարիներին ավելի շատ ծանոթ է հանրահավաքներից։ Արդեն իսկ նրա առաջին հրապարակային ելույթից հետո հաջորդին սպասում էին։ Եւ սպասում էին յուրաքանչյուր հանրահավաքում։ Սպասում էին՝ ոչ թե որովհետեւ ավելի կրակոտ ու համարձակ բաներ ասող չկար։ Սպասում էին, որովհետեւ նա, չզիջելով մյուսներին այդ հատկանիշներով, նաեւ ամեն ինչ հասկանալի ու ընկալելի էր ասում բոլորի համար։ Հայերենի, եւ գեղեցի՛կ հայերենի, կատարյալ տիրապետում, հռետորական բնատուր շնորհ, ձայնի հաճելի եւ երբեք չհոգնեցնող հնչերանգ, վստահություն ներշնչող կուռ տրամաբանություն, ասելիքի մատուցման զարմանալի պարզություն. սրանք նրա ելույթների բնորոշիչների ոչ լրիվ ցանկն են կազմում։


Հիմնականում նա էր կատարում քաղաքական վերլուծությունները, կենտրոնական ու հանրապետական իշխանությունների որոշումների, մամուլի հրապարակումների մեկնաբանությունները։ Նրա քաղաքական կանխատեսումներն իրականանում էին։ Նրա ելույթները հաճախ պարզապես հրապարակային դասախոսություններ էին, եւ՝ քսան հոգու առջեւ փակ լսարանում ելույթ ունեցող ամեն մի դասախոս կարող էր նախանձել այն անհավատալի լռությանն ու հափշտակվածությանը, որով 100 հազարանոց տարաբնույթ կազմ ունեցող լսարանը ոտքի վրա կլանված լսում էր նրան։ Լսում էր, հասկանում, համոզվում, հավատում։ Առաջին հերթին նրա շնոր

  1. Հուշերի մի գիրք հրապարակել է Ռաֆայել Ղազարյանը, որտեղ նա իմիջիայլոց հայտնում է, որ Կոմիտեի նիստերը նախ վարում էին հերթով, սակայն քանի որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին էր հաջողվում զսպել մասնակիցների «գերակտիվությունը» (բնականաբար՝ իր հեղինակության շնորհիվ), ուստի, ավելի ուշ, Կոմիտեի նիստերը հիմնականում նա էր վարում (տե՛ս Ռ. Ղազարյան, Հաշվետու եմ, Երեւան, 2003, էջ 174)։