հիվ էր, որ Շարժումը տասնյակ հազարավորների համար դարձավ նաեւ քաղաքական դպրոց, ամենաիսկական բաց համալսարան։
Սակայն Շարժումը միայն քաղաքական կարգապահ դպրոց չէր։ Մարդկային զանգվածն ունի իր յուրատեսակ, անհատականից տարբերվող հոգեբանությունը։ Այն ավելի շատ հակված է լսելու պարզ կարգախոսներ, դժվարությամբ է տրվում տրամաբանական փաստարկների, եւ հեշտությամբ՝ պարզունակ կոչերի։ Ամեն պահի պատրաստ է դիմել չհաշվարկված ու չհիմնավորված գործողությունների, որոնք ճակատագրական կարող են լինել առաջին հերթին հենց իր համար։ Եւ «Ժողովրդի առողջ բնազդ» որակումը նման դեպքերում ավելի շուտ հաճոյախոսություն է նրա հասցեին, քան իրականություն։ Մի տեղում հավաքված մարդկային բազմությունը շատ արագ կարող է ամբոխանալ՝ ձեռք բերելով նույն այդ զանգվածը կազմող անհատներից տարբերվող հոգեբանություն ու մտածողություն։ Այն հեշտությամբ է տրվում սադրանքների, ավելի հաճախ ոչ թե սպասում է իրեն առաջնորդելուն, այլ ինքն է որոշում ուղղությունը եւ առաջնորդին հրում-տանում իր առջեւից, հակառակ դեպքում՝ ոտնատակ տալիս։ Շարժման տարիներին գերզգայական աստիճանի հասած ժողովրդին հարյուրավոր անգամ տրվեցին սադրիչ առիթներ թե՛ կենտրոնական ու տեղական իշխանությունների որոշումների, թե՛ լրատվամիջոցների հերյուրանքների, թե՛ ՊԱԿ-ի խոհանոցում թխված ապատեղեկատվության ու ասեկոսեների, թե՛ ոմանց անխոհեմ ելույթների, թե՛ Ադրբեջանի գրգռիչ գործողությունների տեսքով։ Տասնյակ դեպքեր եղան, երբ ժողովրդական հոծ զանգվածը հասավ անկառավարելիության եզրին, չուզեց ենթարկվել «հարթակին», եւ իր գործողություններով կարող էր հատել վտանգավորի սահմանագիծը։
Անշուշտ, ժողովրդական շարժում առաջնորդողի համար խիզախություն ու հերոսություն է՝ առաջին անգամ գործադուլի, երթի կամ վճռական մեկ այլ գործողության կոչ անելը եւ առջեւից գնալը։ Անգամ այն պարագայում՝ երբ դա չանելու դեպքում զանգվածը միեւնույն է, ինքն է դիմելու նույն գործողություններին։ Բայց այդ խիզախության ու հերոսության տասնապատիկն է պահանջվում նույն այդ պայմաններում բորբոքված մարդկային զանգվածին ու նրա տրամաբանությանը դեմ կանգնելու, չհասունացած ու արկածախնդրական քայլերից նրան տարհամոզելու ու հետ պահելու համար։ Ամենաանհույս նմանօրինակ իրավիճակներում «հարթակի» վերջին հույսը Լեւոն Տեր- Պետրոսյանն էր, ժողովրդական տրիբունի՝ նրա համոզիչ