արագ բազմացվում ու տարածվում էին երկրով մեկ։ Ավելին՝ դրանք տարածվում էին նաեւ աշխարհով մեկ՝ նույն հաջողությամբ դիմակայելով Շարժման նկատմամբ աշխարհում բացասական մթնոլորտ ստեղծելու՝ խորհրդային Կենտրոնի եւ Ադրբեջանի քարոզչությանը։ Անհավասար այդ պայքարում Շարժումը հաղթանակեց։ Կոմիտեի անդամների վկայությամբ, հարյուրից ավելի այդ նյութերի 90%-ը հեղինակել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Երկուսուկես տարվա համաժողովրդական պայքարն ունեցել է դրվագներ, երբ անհրաժեշտ է եղել դիմել նաեւ մեծ ռիսկ, ընդհուպ՝ իրական վտանգ պարունակող քայլերի ու նախաձեռնությունների։ Ղարաբաղին ամենաբազմազան օգնության ապահովման, ինքնապաշտպանական խնդիրների կազմակերպման եւ իրականացման, զանազան մանր ու մեծ սադրանքները չեզոքացնելու գործողությունները «Ղարաբաղ» կոմիտեի անդամները երբեք գրասենյակից չէին ղեկավարում, այլ անմիջապես գտնվում էին ամենավտանգավոր տեղում, սահմանամերձ շրջաններում, խրամատներում։ Առավել մեծ մասշտաբի քաղաքական կտրուկ քայլերի, համարձակ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման մեջ ժողովրդական զանգվածին միշտ շրջահայացության կոչող, սթափության կոչնակ հնչեցնող Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է ոչ միայն առաջնորդ, այլեւ անձամբ հնարավոր վտանգի դեմ առաջին տեղում եւ առաջին պատասխանատուն։ Հիշենք թեկուզ 1988-ի նոյեմբերի 7-ին նրա առավել քան հանդուգն ելույթը, նույն ամսվա 24-ին Օպերայի շենքում Շարժման նախաձեռնությամբ հրավիրված Գերագույն խորհրդի նստաշրջանը, 1989-ի դեկտեմբերի 4-ին Գերագույն խորհրդի նստաշրջանում «Հայաստանում արմատական ժողովրդավարական վերափոխումների մասին հռչակագրի» համարձակ դրույթների ներկայացումն ու պաշտպանությունը եւ այլն[1]։
- ↑ Անձնական ռիսկի դիմելու հատկությունը բնորոշ էր «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին։ 1988 թ. փետրվարի 23-ի հանրահավաքում առաջին անգամ գործադուլի կոչ արեց Վազգեն Մանուկյանը։ Նույն օրը Համբարձում Գալստյանը հրապարակավ պահանջեց իշխանությունների հրաժարականը։ 1988-ի հունիսի 15-ին Օպերայի հրապարակի բազմահազարանոց հանրահավաքը խորհրդային զորքով շրջապատված Գերագույն խորհրդի նիստերի պալատ առաջնորդեց Սամսոն Ղազարյանը։ Հուլիսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանում լարված ու չափազանց վտանգավոր իրավիճակը կարողացան հարթել Սամվել Գեւորգյանը եւ Ռաֆայել Ղազարյանը։ Նույն թվականի նոյեմբերին շինանյութերով բեռնված ավտոշարասյունը Ղարաբաղ էին առաջնորդում Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը եւ Դավիթ Վարդանյանը։ Նոյեմբերին, արտակարգ դրության պայմաններում, Քյարքի գյուղը Ադրբեջանից եկած փախստականներով կարողացավ բնակեցնել Ալեքսան Հակոբյանը։ 1990 թ. հունվարին Երասխի կռիվներում հայկական ուժերի գործողությունները տեղում համակարգում էր Բաբկեն Արարքցյանը։ Նույն թվականի մայիսի 27-ին կազմակերպված սադրանքի հետեւանքով երկաթուղային կայարանում եւ Նուբարաշենում բորբոքված արյունահեղության հրդեհը կարողացան մարել Աշոտ Մանուչարյանը եւ Վազգեն Մանուկյանը։