Էջ:Ընտրանի.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պակաս վտանգաշատ չէր, այս անգամ բոլորովին այլ առումով, գաղափարական հարցերում առաջամարտիկի դերի ստանձնումը։ Անկախության գաղափարի դեմ պայքարում էր ոչ միայն կոմկուսը։ Նույն բանը Հայաստանում անում էր իրեն «ազգային մտավորականություն» հորջորջող, իրականում՝ կոմունիստական մտավորական նոմենկլատուրան, իսկ Սփյուռքում դաշնակցությունը՝ հակադրելով «պանթուրքիզմի վտանգի» խրտվիլակը եւ հայդատականության «տեսլականները»։ Ի տարբերություն կոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարի, այս երկրորդ ճակատը որքան նուրբ, նույնքան վտանգավոր էր։ Կեղծ-քաղաքական, կեղծ-հայրենասիրական, կեղծ-ազգասիրական, բայց մյուս կողմից ավանդաբար փոխանցված ու մարդկանց գիտակցության մեջ ամրացած պատկերացումների ու կարծրատիպերի չարաշահման հիման վրա էր կազմակերպված ,ազգայինի ե այս ամբոխավարությունը։ ̧Դրանով իսկ այն, ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդրի, այնպես էլ անկախության գաղափարի ու ծրագրի դեմ շատ ավելի վտանգավոր էր, քան Կենտրոնի ուժային միջամտության սպառնալիքը։ Այն կարող էր ապակողմնորոշել շատերին, ներսից քայքայել Շարժումը, կոտրել նրա ողնաշարը։ Ուստի այս ճակատում Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարն անսեթեւեթ էր, առավել համառ եւ հետեւողական։ Քաղաքական գործիչը նման դեպքերում կարող էր նաեւ շատերի կողմից չհասկացվել, ոչ միայն իր քաղաքական կապիտալից մաս կորցնել, այլեւ ձեռք բերել անձնական հակառակորդներ ու թշնամիներ։ Եւ, իհարկե, ձեռք բերեց՝ ի դեմս կոմունիստական նոմենկլատուրայի, պալատական մտավորականության ու՝ իրենց «ազգային գաղափարախոսության» ծնող ու տերեր համարող կազմակերպությունների։ Ու քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական մանկամտության ու դրա վնասարարության դեմ իր պայքարը շարունակեց անզի