Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասին։ Իսկ երկրորդ, աւելի հեռաւոր նպատակն է՝ ճեղքել Հայաստանի քաղաքական մեկուսացումը եւ աս տիճանաբար ուղղակի յարաբերութիւններ հաստատել օտար երկրների, միջազգային հասարակական կազմակերպութիւնների, մարդասիրական հաստատութիւնների հետ։

― Վերադառնանք Հայաստան։ Ի՞նչ պատկեր կը պարզէ, այսօր, Հայաստանի քաղաքական կացութիւնը։

― Նախքան Հայաստանի կացութեանն անդրադառնալը, ինձ թւում է, անհրաժեշտ է մի քանի խօսքով գնահատել Խորհրդային Միութեան ընդհանուր քաղաքական իրադրութիւնը, այլապէս շատ հարցեր կարող են անհասկանալի մնալ։ Խորհրդային Միութեան մէջ այսօր շարունակւում է տնտեսական, ընկերային եւ քաղաքական ճգնաժամի սրընթաց խորացումը։ Բոլոր ասպարէզներում, մանաւանդ ազգամիջեան հարցերում եւ Կենտրոնի ու հանրապետութիւնների փոխյարաբերութիւններում նկատւում է ապակայունացման մտահոգիչ դրսեւորում, որն օգտագործւում է երկրի պահպանողական ուժերի կողմից իշխանութեան խստացման անհրաժեշտութիւնը հիմնաւորելու նպատակով։ Մասնաւորապէս դրա արդիւնքը պէտք է համարել պրեզիտենդական իշխանութեան օրերս հաստատուած կարգավիճակը, որով երկրի ղեկավարին գործնականօրէն տրւում են անսահմանափակ լիազօրութիւններ։

Դրա հետ մէկտեղ չի կարելի չնկատել երկրի դեմոկրատական ուժերի համախմբումն ու հզօրացումը, որ այսօր արդէն զգալի եղանակ է ստեղծում ներքին քաղաքական կեանքում։ Գնալով աւելի ու աւելի լայն զանգուածների կողմից գիտակցւում է արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացման, խորհրդային դաշնութեան կատարելագործման անհրաժեշտութիւնը՝ որպէս երկիրը ճգնաժամից դուրս բերելու միակ պայման։ Առայժմ ահա սա է այն եզակի գործօնը, որ որոշ լաւատեսութիւն է ներշնչում ապագայի նկատմամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանի կացութեանը, ապա Միութեան ճգնաժամը բնորոշող բոլոր երեւոյթները, բնականաբար, առկայ են նաեւ այստեղ։ Բայց, նոյնքան բնականաբար, կան նաեւ որոշ իւրայատկութիւններ, որոնք մեր Հանրապետութիւնը առանձնացնում են միւսներից (Արցախի խնդիր, աղէտի գօտի, գաղթականութիւն եւ այլն)։