Մայիսի 23-ի երեկոյան Ստեփանակերտում չպարզված հանգամանքներում սպանվում է 17-ամյա մի հայ պատանի։
Մայիսի 24-ի առավոտյան Բաքվից Ստեփանակերտ ժամանած մի հանձնաժողով անօրինական ստուգումներ է կատարում քաղաքի բնակսոցբանկում, առիթ տալով բնակիչների զայրույթին եւ ներքին զորքերի ստորաբաժանումների ու քաղաքացիների բախմանը։
Նույն օրը երեկոյան եւ հաջորդ օրվա լույս գիշերը ներքին զորքերի ստորաբաժանումները զրահամեքենաներով եւ ավտոմատային հրաձգությամբ լայնածավալ ահաբեկչական գործողություն են ձեռնարկում Ստեփանակերտի փողոցներում, որի հետեւանքով զոհվում է մեկ եւ վիրավորվում 9 մարդ։ Պատասխան կրակից սպանվում է նաեւ մեկ եւ վիրավորվում 4 զինվոր։
Մայիսի 25-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած միտինգում խստորեն դատապարտվում է զորքերի սանձազերծած վայրագությունը Ստեփանակերտում եւ կոչ է արվում, հավատարիմ մնալով քաղաքական պայքարի մեթոդներին, պատրաստ լինել դիմագրավելու բռնության հետագա փորձերը։
Մայիսի 26-ին Երեւան են ժամանում միութենական իրավապահ մարմինների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրի տեղակալ Շիլովը, ներքին զորքերի հրամանատար Շատալինը, պետական անվտանգության կոմիտեից՝ Լուկինը եւ ուրիշներ։
Մոսկվայից ժամանած պաշտոնյաների եւ Հայաստանի ղեկավարության հետ նույն օրը կայացած մեր հանդիպումներից պարզվում է, որ նրանք իբր ահազանգ են ստացել, թե մայիսի 27–28-ին Երեւանում տեղի են ունենալու զանգվածային անկարգություններ, մասնավորապես փորձ է արվելու տապալել Լենինի արձանը, կազմակերպել անկախության օրվան նվիրված աշխարհազորային շքերթ, գրավել կառավարական շենքը եւ այլն։
Մայիսի 26-ի երեկոյան կենտրոնական ռադիոն եւ «ժամանակ» հեռուստատեսային ծրագիրը տարածում են սադրիչ հաղորդագրություններ, թե իբր նախորդ օրվա միտինգում հնչել են հակասահմանադրական գործողությունների դիմելու կոչեր, որոնց հետեւանքով Հայաստանում սպասվում են լուրջ իրադարձություններ։