Փորձից գիտենալով նման հաղորդագրությունների սադրիչ նպատակը, Հայոց համազգային շարժման վարչությունը անմիջապես իր բողոքն է հայտնում Մոսկվայից ժամանած պաշտոնական անձնավորություններին եւ ահազանգում օտար լրատվական գործակալություններին՝ Հայաստանում ծրագրվող պատժիչ գործողությունների հնարավորության մասին։
Մայիսի 27-ի առավոտյան Երեւանի երկաթուղային կայարանում լուրջ բախում է տեղի ունենում երկաթուղու զինվորական պահակախմբի եւ մի զինված ջոկատի միջեւ, որի հետեւանքով զոհվում է վեց քաղաքացի եւ վիրավորվում տաս զինվոր։ Կայարանն անմիջապես շրջապատվում է զրահապատ մեքենաներով եւ ներքին զորքերի հոծ շղթայով։ Աշխարհազորի եւ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակտիվիստների միջամտության եւ քաղաքացիների զգոնության շնորհիվ միջադեպը հաջողվում է տեղայնացնել եւ զսպել կրքերը։
Կայարանամերձ հրապարակից հեռանալուց հետո զինվորականները, ստեղծելով լարվածության նոր օջախ, շրջապատում են Էրեբունի թաղամասի հիվանդանոցի դիահերձարանը, ուր տեղափոխվել էին զոհվածների մարմինները։
Զորքերի համալրումը խոչընդոտելու նպատակով զինված երիտասարդների մի խումբ փորձում է փակել Նուբարաշեն (Սովետաշեն) – Երեւան խճուղին։ Զրահապատ մեքենաները ճեղքում են շրջափակումը եւ, թափանցելով Էրեբունի թաղամաս, անկանոն կրակ են բացում բնակելի շենքերի վրա, որի հետեւանքով զոհվում է 17 եւ վիրավորվում շուրջ 40 քաղաքացի։ Բախման ընթացքում զոհվում է նաեւ մեկ սպա։ Հայոց համազգային շարժման ղեկավարների եւ աշխարհազորի մի շարք հրամանատարների ներդրած ահռելի ջանքերի գնով հաջողվում է դադարեցնել փոխհրաձգությունը եւ խուսափել ավելի մեծ արյունահեղությունից։
Էրեբունի թաղամասում տեղի ունեցող արյունալի միջադեպի ընթացքում եւ դրանից հետո էլ երկու զրահապատ մեքենա ակնհայտորեն սադրիչ նպատակով սուրում են Երեւանի կենտրոնական փողոցներում՝ հավանաբար պատրվակ փնտրելով ընդարձակելու միջադեպի սահմանները։
Նույն օրը երկու հսկայական զինվորական ավտոշարասյուն Կարմիրից եւ Իջեւանից շարժվում են դեպի Երեւան եւ Հոկտեմբերյան։