Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բնակչության մեջ նոր գրգռություն չառաջացնելու նպատակով Հայոց համազգային շարժման ներկայացուցիչների եւ գեներալ Շատալինի միջեւ կայացած պայմանավորվածությամբ ավտոշարասյունները դադար են առնում Երեւանի մատույցներում, Սեւանի խճուղում։

Մայիսի 28-ի վաղ առավոտյան զինվորականների կամ խորհրդային բանակի համազգեստ հագած անհայտ մարդկանց կողմից գնդակոծվում է Հայոց համազգային շարժման շենքը եւ սպանվում գետաշենցի մի երիտասարդ, որը գիշերում էր շենքի առջեւ կանգնած մարդատար ավտոմեքենաներից մեկում։

Մայիսի 28-ի՝ լույս 29-ի ողջ գիշերը ռազմական զինավարժության պատրվակով գրգռիչ հրաձգություն է տեղի ունենում քաղաքի զինվորական կայազորում, որը կրկնվում է նաեւ հաջորդ գիշերը։

Դեպքերի նմանօրինակ զարգացումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ մենք գործ ունենք արհեստականորեն ստեղծված աժիոտաժի եւ բծախնդիր կերպով ծրագրված սադրիչ գործողության հետ, որ հետապնդում է միանգամայն անբարոյական եւ նենգ նպատակ, այն է՝ թափելով անմեղ մարդկանց արյունը, Շարժման դեմ տրամադրել մեր ժողովրդին եւ դրանով վիժեցնել դեմոկրատական ուժերի հաղթանակը հանրապետության Գերագույն խորհրդի ընտրություններում։

Այսպիսով, զուտ քաղաքական նպատակով, ս.թ. մայիսի 23–28-ին, կենտրոնական եւ տեղական իշխանությունների որոշ շրջանակների հանցավոր համագործակցությամբ, հայ ժողովրդի դեմ կատարվել է հրեշավոր ոճրագործություն, որին նախնական տվյալներով զոհ է գնացել 26 եւ վիրավորվել շուրջ 60 մարդ։

Հանուն արդարության՝ բոլոր ոճրագործները պետք է նստեն մեղադրյալի աթոռին։ Սակայն դրանով չէ, որ պետք է իմաստավորվի անմեղ զոհերի թափված արյունը։ Այդ արյունը կիմաստավորվի միայն այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը մի բռունցք դարձած՝ կվիժեցնի կայսերապաշտ ուժերի քաղաքական ծրագրերը եւ ազգային իշխանության հաստատմամբ կդնի մեր անկախ պետականության հիմքերը։

«Հայք», 30 մայիսի, 1990 թ.։

Ստորագրված՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե, Հայոց համազգային շարժման վարչություն»։