սիրունիկ հեքիաթները, որոնց մեկուն կամ մյուսին մեջ աղվոր բաներ մը կելլային անպատճառ, աղջիկ մը, որ արևին հետ կմրցի, ան հովիվ տղան, որ կընե չըներ, թագավորին փեսա կըլլար, այն մյուսը, որ դեպի արևելք երկար ճանապարհորդություն մը կընե, Արևին իր ցավերը պատմելով՝ անկե դարման կխնդրե ու կհաջողի ալ։ Մեր ուզածներն ահա, որ նույն ատեն կսիրեինք հավտալ թե՝ ամենքն ալ ապրված ստույգ իրականություններ են։ Մամին ալ արդեն մեզմե ուրիշ կերպ չէր սպասեր։
Ուրիշ կերպ չէր սպասեր, իրավ է, բայց ըսի, թե մեր երեքներուս ալ ուզածը ու շատ փնտռածը թագավորի մը ինչպեսն ու իրականությունն էր ավելի։ Մենք կսիրեինք ավելի, որ նա իր մեղր ու շաքար «կար ու չիկարին» ետևեն անպատճառ սանկ սյուսլի սալթանաթլի փառավոր ծիրանազգեաց մը դուրս բերե, թագավոր մը, որ մեր ալ խելքին պառկեր ու մոտերնիս անմիջապես իրականություն մը շոշափեինք, աչքերով քիչ մըն ալ անոր պոյ պոսը տեսնայինք։
Թագավոր մը, որ իր տղան կարգելու համար քառսուն օր ու քառսուն գիշեր հարսնիք բռնել կուտա, էժտեհերի պես ձիերով կպտտի, ինք ու իրենները ոսկի կհագնին ու մեկ կտորե շողուն ադամանդով մը տունի մեջ կբնակին։
Անհուն զորություն մը անի ան, հենց որ մորուքը չանչե, լեռները ոտքի կելլան ու քաղաքներու վրա կիյնան, միայն շրթունք մը շարժելով կրնա աշխարհքը կործանել։ Ու մենք՝ պզտիկներս, անգամ մըն ալ կկրկնեինք մեր հարցումները, ան ալ մա՞րդ է մեզի պես, Մամի՛, ճիշտ մեզի պես քիթ, բերա՞ն ունի։
Դրացի կնկուկը, իրիկուն մը, ալ կերևա լմնցած տեսնելով խճեճին դեզը, որուն մենք վերջին հատն ալ բամբակի վերածեր էինք, կամ կերևա մեր հարցումներուն կարճ խոսքով վերջ մը բերելու համար. «Է՜հ, ի՛նչ գիտնամ, ըսավ, օղո՛ւլ, ես ալ մեկեն տեսե՞ր եմ մի թագավորը, թագավոր մը վո՞վ տեսած կըլլի, ան մարդու չերվար, էրվա ալ, մարդ անոր երեսին չիշխեր հայելու, հապա օր մը դուն…
— Հա՛, ես նորեն կըսեմ այնպես, ան ալ մեր գեղին պըզտիկ թագավորը ըսել է, չե՞ք տեսնար, անոր ալ հենց հովը աշխարհք կշրջե, ան ինչ հրաման որ ընե, անիսեթ կատարվի պիտի, հենց ըզունկին երեսը կգրե ու կըլլին բաները, թուր թֆենկ ունի, իրենն է գեղը, գեղին հողն ու ջուրն ալ իրենն է, մենք ամենքս ալ ծառաները