Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վհուկ մըն է այս, թե պատրանքներե շանթահարված նայատ մը, որ հոս երաշտ առվակի մը խռվացած կողերուն վրա մոլորուն՝ կանաչ հույսերու ծլարձակումին կսպասե։— «Ի՞նչ կընես հոս, մամիկ, կհարցնե աղջիկը, որո՞ւ կնայիս, ո՞վ կխորհիս»։

Մամիկը, հուզված լալկանի երևույթ մը կախելով դեմքեն, իր ջիղ ու չվան պարանոցին վրա տատանվող գլուխը, համր ու բռնազբոս ձգտումով մը, այն ձայն ծնած դին կդարձնե։ Առաջին անգամ չի կրնար խոսիլ ու կհասկցվի,— որ չարչըկված գալարումը իր արդեն ջախջախ էությունը կտոր-կտոր կընե, կամ ավելի ճիշտ, վայրկյան մը ինքզինքը անապատի ծեր օձի մը դիմացը կըմբռնես, որ հինցուցած խորխը վրայեն նետելու ատեն, մահվան չափ դժվար երկունքի մը ցավերուն մեջ կտառապի։

Խուլ ավաչ մը, կռինչ մը մամիկին կոկորդեն, խորունկ գետնադամբանի մը մեջեն պայթող կոծկոծանքի մը փշրանքները կլեցնեն լսողին ականջը ու մեր որբ գեղջկուհիին ալ ականջը, որ իր կեցած տեղեն քար կտրած, վախեն թե՝ զարմանքեն, անգամ մըն ալ կկրկնե.— «Ի՞նչ կընես, մամիկ, որո՞ւ կսպասես, ո՞վ կխորհիս»։

— «Արևուն կտաքնամ, կպատասխանե, ձագուկս, աշունին մեջ ձմեռին կծող ցուրտը կա, որ ոսկորներուս կթափանցե, մի՛ վախնար, առաջ եկուր, կավելցնե պառավը, որբուհիներուն պաշտպանուհին եմ ես, նստիր քովս, բախտիդ սպասե»:

Կուլիկ իր հին մայրը գտած ըլլալու շլացումը կունենա պահ մը, ու անձնատուր ու անձնվեր բոլորովին այս գորովոտ մորը շունչին տակ, անոր հետ ծունկ ծնկի մտիկ կընե.

— «Ես հիմա քնանամ պիտի, աղջիկ, բայց դուն արթուն կեցիր, զիս ու իրեղեններս հսկե. քնացած միջոցիս մեկ քանի տեսակ ջուր պիտի հոսի սա ցամքած առուեն. սև ջուրի երևումին մի՛ արթնացներ, կարմիրը անցնի՝ մի՛ շարժիր, համբերել գիտցիր, վերջը երբ ճերմակն ու դեղինը սկսեն վազել մեկ մեկու ետևե, ան ատեն շուտով ձայն հասցուր ինծի, կարթնանամ ու կտեսնես ըլլվելիքները»:

Շատ զգուշավոր ու շատ արթուն, մեկ-մեկ կգործադրե պառավին թելադրությունները. կարթննա այն ատենին, ու իր իսկ ալքու ճանկերովը աղջիկը սպիտակ ջուրին մեջ լոկցնելով շուշանի գույն մը կհագցնե անոր մորթին, ետքն ալ գլուխը առանձին դեղնորակ ջուրին մեջ լվալով՝ որբին մազերուն ոսկեշող երանգի մը կախարդիչ գեղեցկություն մը կուտա։