Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ ձայնն էր, որ Տեբո-Աստուրեն կհասներ իրեն, որու շնորհիվ վայրկյան մը և ոչ ավելի վերջը, անոր հետ մեկ արին, մեկ մարմին, գոնե ինչպես տերտերը հանձնարարած էր ու սըկե դեռ ավելի թունդ, ավելի հանդիսավոր խոսքը շեշտված…

Սկիզբները իրար եթե հեռվեն տեսած էին ամչցածի կամ քիչ մը վախկոտի հապճեպով, թեև տղին համար չի հարմարած մտածություն, հիմա ավելի մոտեն, երես երեսի, մեկ բարձի վրա, զիրար ավելի մոտեն գնահատելու լայնկեկ պատեհությունը կար իրենց։ Հավնած կին, գգվանքին չափն ու ուժգնությունն ալ մեկեն մյուսը, ամբողջությամբ տեղը։ Թեև իրավ է, որ կինն է միշտ իր հինգ մատները էրկանը դեմ ճրագ ընողը ու վառողը, կնոջ մատուցումը միշտ ավելի շատ կփախի։

Աս տարին ահա անմիջապես Տեբոյենց տղին բրշակը շեն կերպարանք մը կառնե, հավ, կով կպահվի, օրվան առտուն անոր բխերիկեն ալ կապտորակ բարակ մուխ մը կծառանա, դուռը բանուկ ճռինչ կերկնցնե, նշան թե՝ հոն մարդու մուտը, ելք, մարդու ստվերը կխաղա։

Ու հոն կերևան մեկ-երկուքը իր հին ընկերներեն ու նորերեն ալ անանկները, որ ստիպող պետքով մը գեղին ան օտար մեծ հողտերեն իբր ընտանի դեմքի մը, ապսպրանք մը ընելու իր վարժ լեզվին միջնորդությունը կխնդրեն, բոլորն ալ դուրս գալու ատեննին չեն զսպվիր հռչակելու, թե Վարդեր այդ երբեմնի ամայության մեջ լքված փեթակին թագուհի մեղուն եղած է, ու կավելցնեն, անոր որևէ մեկ հպումը, շունչը, աչքերը փեշերուն հովն ու պզտիկ շարժուձևն անգամ իրենցմե ինչքան ալ բևեռու աչքերով դիտված, երբեք-երբեք իրենց միտքը վայրկյան մըն ալ չի մթնեցներ։

Աստուր անգամ մը ծնած օրն է խնդացեր՝ կըսեին, նախանձի հով արտահայտությամբ, անգամ մըն ալ հիմա, որ իր աղվեսի անհույս ծակին մեջ խանըմ-խաթուն մը ունի։ Այս խանըմ-խաթունին, այս փեթակի թագուհիին իրենն էին տունին հոգը ամբողջ ու այն ծանր-ծանր աշխատությունները, որոնց տեսակը, եղանակին համեմատ―դաշտը պիտի երթար գտներ։ Գարունը քաղանքը, խոտունցը, մյուս ատեններն ալ հասկաքաղ, բամպքաղ ու վառելիքին հավքտուքը՝ հեռուն տափաստաններու երեսեն, իր գիշերվան քունը կիսող չարչրկանքներն էին։