Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կովին ու կնոջը այս եզական հանդիպումներեն անմիջապես վերջը, աղջկան գլխեն մինչև ոտքերուն մատը հլունի մը չափ տեղ չերևնար, որ առջվան ճղճիմ ու տգեղուկ էակը հիշեցնե։ Կուլիկ ալ բոլորովին ջրածին դիցանույշ մը կրնայիք հասկնալ, արևուն դեմ արևուն հետ կմրցի, մռայլ գիշերներու ծոցը ճրագի մը պես կվառի: Անոր աչվըներեն ինկած հրայրքով այգիներուն ողկույզները կհասունանան ու երեսներուն գիրգ խնձորիկները այդքան շողարձակ ու թովող գիծերով՝ աստվածները կխելագարեն։ Նայեցե՛ք, հեղ մըն ալ նայեցե՛ք, եթե քիչ էր, անգամ մըն ալ խորունկցուցեք նայվածքնիդ այդ դաշտի աղջկանը վրա, որ հասկնայիք թե՝ հին որբեն ոչինչ կմնա անոր մեջը, ու դուք ալ երդումով մը հաստատեք այն թե՝ վերերը պտուտքող ամպերը օր մը, երկրի վրա իջնելու ատենին ադ իրենց ծոցեն ծնած հուրին, այդ ամայի դաշտերուն մեջ մոռցած ըլլալու անխոհեմության համար է որ այդքան զայրացկոտ կորոտան ու կպոռան։

Շատ չանցնիր, հարուստ շահապ մը կճամփորդե այս կողմերեն, որ հարավն ու հյուսիսը ոտքը քաշելե ետքը՝ հեղ մըն ալ աս գեղին ծածքերուն տակ կփնտռե ուզածը։ Ուզած աղջիկը, իր ասպետափառ թագին մեկ վառ գոհարը պիտի ըլլա, ու կուխտե, որ անոր հետ մինչև վերջը ոսկեհուռ բարձի ու գահույքի վրա ապրի կյանքը: Երեք օր իրարու վրա մունետիկ կանչել կուտա, հրավեր տարտղնելով, որ բոլոր աղջիկները մեկտեղ գան ու իր քով եղած ոսկի մուճակը հագնին։ Այդ մուճակը, որ ոտքի մը հարմարվեցավ, վայլեց, ան աղջիկը պիտի ըլլա իր հավնած լուսնթագը ու ինքն ալ անոր անձնվեր վարուժանը։

Երեք օր ու գիշեր աղվոր, փողփողուն թռչուններու հանդիսավոր տողանցում մը կերկարի պերճաշուք երիտասարդին առջևեն, ամենքն ալ մեկ-մեկ կհագնին կոշիկը, բայց մեկուն ալ ոտքին չի կպիր այն ու չի վայլեր։ Կուլիկն ետև մոռցված է, ո՛վ գիտե ինչո՞ւ, քիչ վերջը կարգը անոր կտրվի ու փառքն ալ, իր բոլոր զգլխիչ պերճանքով Կուլիկին կըլլա։ Շահապը հետո ոսկի մուճակին հետ իր ամուսնին ոտքերուն տակ իր սիրտը ու աշխարհք մըն ալ հարստություն կդնե։

Մըյրե ու իր հարազատը անդին իրենց անորակելի ցավեն ու նախանձեն այնքան կհալին ու կսպառին, որ փետուրի մը հովն ալ կրնա զիրենք կործանիլ։