Գուհար սըվոր ու նըվոնց անհարկիություններեն ատեն-ատեն անհամբեր ըլլիլը բռնելով, փեշերը ընդոստ գոտին կկպցնե, մեյ մը վեր ան ճաթելիքները կելե փախցնել, մեյ մըն ալ վար, ու ինքզինք գտած՝ իր ճախարակին առաջքը կսքլի:
Այս մութ փակարանին մեջ, ուր ծղրիթն անգամ իր մտերիմը գտած է տխուր մենությունը մեկտեղ լալու, Գուհարն ալ իր հին բամպակի կըզնիկներուն տակ ծերացած ջայրեն զատ ա՛լ ոչինչ չունի։
Ինքն ու իր ճախրակը, այո՛: Երբեմն կեսօրեն ետև ու իրիկունեն առաջ, կատու մըն ալ, հունա, իր մետաքս թաթերը մրեղի շյուղի մը իսկ չդպցնելու զգուշավորությունով, լռիկ՝ փեթկնուն տքտիքը կայցելե, շրջան մը կընե ան անկյունը ու սա ծակտիքներուն քովերը, վերջը բութ, հուսահատ մլավ մը, ու կատուն ալ անտարբեր իր ճամփան կերթա:
Գուհարի ընկերը, ուրեմն, ըսեինք անգամ մըն ալ, թե ան Հընուկ, մաշած ճախրակն է միայն: Անոր թմբուկին առջև ծալլված ու կքուկ, թելը թելեն չի կտրեր, աջ ձեռքովը մանիչին ոլորք կուտա, ձախովն ալ անոր իլը կուռեցնե մանված ու մազի բարակությունով թելի մը կաթ սպիտակության տակ:
Կեսօրի արևը երդիքն ի վար լուսոտ շարվեց մը մեյնելով, մանող հարսին քուլային ու պայրոքներուն վրա, անոր աչքն ու ունք կշոյե, տաք շունչի մը հպումով, ու ատ աչքը, ատ տժգույն երեսները լույս աշխարհ հանելու միամիտ կատակ մը կընե։ Այս շերտ մը լույսին ցոլցլուն անդրադարձումովը, ալ որոշ կհասկցվեր թե՝ խրճիթին հարսնուկը դեռ շա՛տ ճահիլ, շա՛տ կենճ, ափ մը ջուր է կըսես: Ու ճախրակեն ալ ինչ ճըլվլտուքներ, ինչ ներդաշնակություն, բանաստեղծ մը միայն պետք էի ըլլիլ ըսելու որ՝ նիտակին փաթը ծիծեռնիկները կշաղակրատեն, բութակին քովեն գիշերի պլպուլի մը կարկառուն հառաչանքները կփշրվին, լիսեռն ալ խիճերու վրայե վազող ծփլտուն ջրիկներուն խոլ գըլգիլը կկծկե ինքն իր վրա:
Անհոգի փայտեն երկնցած այս ձայնոլորքը, այս կռինչները միօրինակ որքան, այնքան լեզվանի և հուզիչ, որ դաշտի գարունի մը վառվառ ու բուրավետ հանդիսավորություններու անակնկալը ունին, մեր այս խրճիթի միանձնուհին, լքված հարսին ալ պատանքտած կուրծքեն չարչկված խորունկ արձագանք կքերեն:
Էրիկն ո՞ւր այս հարսին. ինք գոնե բան մը չգիտե՞ր, անկե