Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թարթիչներուն տակեն հանդիպաբար ականատես կըլլայինք: Չեմ մոռցեր։

Գինին օձ ըլլալը հավատացողներուն կարգին մասնավորապես եթե եղան անանկներ, որ իրենց խաղողաբեր այգիները քակեցին ու մշակելի արտերու վերածեցին, ոմանց նույնիսկ խաղող չուտելու անգամ թունդ ուխտը ըրած, բայց դեռ կհամրվեին անանկներն ալ, շատ ավելի սկսնակ հավատափոխները, որ այն տարին, ինչպես կպատահեր, առատ ալ գինի դրած էին ու սակայն ձեռվնին վրա չէր երթար, որ վերջապես ջուր մը դնեին կարասներուն գլխուն, որոնց հատակեն մինչև պռկունքը կարմիր օձն է, կեռա, կսպառնա. ի՛նչ ընեն, ի՛նչ կրնային ընել, քանի որ մյուս կողմեն շատ առիթներով իրենց հասցեին մեղադրանքներ ալ կըլլային եկեղեցիի անդամ ավագ եղբայրակիցներուն կողմեն։ Կիրակե առտու մը հայ ժամվորը եկեղեցիեն դուրս ելած՝ ճամփու վրա, տեսաբանին ու տարօրինակության բոլորովին խելահեղիչը կունենա առջևը: Այն կողմե, ժամուն ալ մոտիկ նեղ փողոց մը, որուն երկայնքին ու երկու կողմերուն վրա ամրողջությունովը նորահավատներու տուները բռներ են, դուռներուն առաջքը լեցուն հակերու դիրքով կայնեցված մեծ-մեծ կարասներ կտեսնվին։ Կարասներ, ես ըսեմ տասը, դուն հասկցիր քսան ու ավելի թիվով, փեթակի չափ խոշոր, խոշորափոր բաներ։ Ասոնց ամեն մեկուն կուշտին ալ, սոթթված թևերով մեյ-մեկ հոգի կեցած՝ խազը խորհրդավորության մեջ վերջացնելու համար իրար հասկցող աճպարարներու սպասանքը ունին կկարծես, և որոնք հետզհետե ժամեն ելլող ու ստվարացող բազմության կողմը լայն աչքեր մը կբանան։ Թափեցե՜ք… ճաթռտած կոկորդով ձայն մըն է կերկննա: Նշանը տրված է, ու մեկեն մեկանգամով այն փեթակի պես բաները փորերնուն վրա կշրջվին, գետին նետված ահագին գոմեշներ, որոնց կտրված շլլինքներուն աղբերացող արյունը իր վերջին կաթիլովը դուրս խուժել ուզե, այո երևույթը ճիշտ ու դուռներուն առաջքը վայրկենապես կարմիր ծով մը կկոհականա. աչքդ անգամ մըն ալ կբանաս, որ այս ծովը այն ինչ ուղղությամբ կարմիր գետի մը ընթացքը առած վազելու ասպարեզ կփնտռե, գալարքի ցավով մը կվազե, ու այդ վազքին մեջ վիրավորված վիշապի մը զայրույթովը կֆշշա: Մեծ օձը, կարմիր մեծ վիշապն էր այն թողվածը, այո՛, որը հոն կերթա ու հողին ու աղբին մեջ իր անէանալու տեղը գտնե։