Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասոնց քարոզիչ պաշտոնյան, ըլլար միսիոնարը Հիվիլըր կամ ասոր առաջինին Սիմոնիկը՝ կաղ Ֆերնատ, գրեթե միշտ անդրշիրիմի երանություններուն գաղափարը հատուկ պահելով իրենց բնազանցիկ քվքվանքներուն, արևի աշխարհին ունայնությունը կշեշտեին, երկիրը արցունքներու հովիտը, ուր ոչինչ կա տևական, անկայուն վաղանց պղպջակն է ան, որ ջուրերու երեսը կտեսնվի։

Ֆերնատ իր ժամկոչի ծառայության մեջ ալ ամպիոն ելլելու արտոնված՝ ամեն կիրակի, աշխարհի ունայնության հետ, աշխարհամարդուն ըրած, վայելած անմեղ զվարճություններն ալ մեղքերու սոսկալիները կպոռա «սոսկալի, եղբայրնե՛ր, սարսափելի է վիճակնիս, նույնիսկ պիտի ըսեմ թե՝ հենց պարապ տեղն ալ մի՛ խնդաք»։

Քարոզիչ պարոնը շատ անգամ խոսքը քրիստոնյա անունով մը ինքզինքնին արդարացած սեպողներուն ուղղելով, «չէ՛, կըսե, իմ սիրելի եղբայրներս ու քույրերս, չէ՛, էն ատեն որ, դուք կըսեք, կպարծենաք թե արդարներ եք, ճիշտ էն ատեն է որ, սարսափելի մեղքը կգործեք. բացարձակ արդարը ինքն է միայն, միենք միեր բոլոր սրբություններովը, բոլոր իստակություններովը նորեն միեղավորներ կսեպվինք, խաս չեշիտով արդար չեք ըսվիր ախըրը, քանզի իմ սիրելի եղբայրներս, էն օրը որ կխորհիս թե՝ անմեղ արդար վիճակի մեջ տուն կդառնաս, մտածելու եղիր, որ թեև ձեռքդ դրացիին էգիին չես երկնցուցած, թեև ձեռքդ ծոցդ պեյեր ես, բայց նույն օրը կրնա ըլլիլ որ ոտքովդ ես մեղանչած վասնզի, եղբա՛յր, դուք ըլ չե՞ք համոզված թե՝ դաշտեն մինչև տունը շատ մը բանվոր անմեղ մրջյուններ ու մկլեզները կմահացնեն ձեր ոտքերովը, սպանության պես միեղքը խոշ մարդուն կաս տեվեի պես խոշորության վրա չըլլիր միայն։ Ահա թե ինչո՞ւ կըսեմ, որ միենք բացարձակ արդար չե՛նք կըրնար ըլլիլ»։

Նոր կրոնքին աս եսսենական հայացքները տարիներ առաջ այսպես շատ ուշագրավ թվական մը կհանդիսավորեին, ինչպես հոս Խ.-ի մեջ ինչպես ալ Իչմեի ու բուն քաղաքի մեջ, երեք կարևոր կեդրոնները միսիոնարական գործունեության, ուր ճարպիկ միսիոնարը իր առաջին տաղավարները հաստատելու գործունեությունը ցցուց։ Քիչ վերջը չորրորդ մը Հ․․․ գյուղը կըլլա անոնց հետ։

Փակագիծս գոցելե առաջ ըսեմ որ այդ քարոզները պահ մը այն արդյունքն ունեցան, որ՝ ժողովուրդը՝ նախ անոնք, որ մոտեն ու մշտապես լսողները կըլլան անոնց, վերջը հետզհետե մյուսներն