Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թորոս Թորանեան

ԿՅԱՆՔԸ ԿՐԱԿԻ ՏԱԿ Հեղինակ՝
Մկրտիչ Սարգսյան

1963 թվականի գարուն։ Հալեբ։ Նստած եմ գրասեր շապկագործ ընկերոջ մը խանութին մեջ։

— Ա՜ռ այս պատմվածքը, կարդա՜, ընկեր Թորոս, այսպե՛ս պետք է գրել պատմվածք, այսպե՛ս։

Կարդացի։ Այդ Մկրտիչ Սարգսյանի «Խնդրում եմ չմոռանալ» պատմվածքն էր։ Իմ վրաս մեծ տպավորություն գործեց այն։ Սկսա մտածել, թե ուր եմ հանդիպած Սարգսյանի անվան. ու չկրցա հիշել իր ստորագրությամբ ոչ մեկ արձակ գործ։

Ամիսներ վերջ եկա Հայաստան։ Ու օր մը, երբ Աբովյանն ի վար կիջնեի, կենտրոնական գրախանութի ապակեփեղկին ետևեն ինծի ժպտեցավ ծանոթ անուն մը՝ Մկրտիչ Սարգսյան։

Անմիջապես վերցուցի գիրքը՝ «Կյանքը կրակի տակ»[1]։

Հոն էր իմ արտասահման կարդացած պատմվածքը։ Կային անշուշտ ուրիշ ալ պատմվածքներ երկու վիպակի եւ օրագրության ձեւով գրված մեկ վեպի կողքին։

Ամենեն աոաջ պետք է ըսել, որ 1961-62 թվականները բեղմնավոր եղած են Մ. Սարգսյանի համար, որովհետեւ այս տարիներուն գրած է ամբողջ այս գիրքը, որ կբաղկանա ավելի քան 400 էջերե։ Բայց էջերու թիվը չէ կարեւորը։ Կարեւորը այն է, որ հեղինակը իր արձակ առաջին իսկ գրքով արդեն կգրավե ընթերցողին ուշադրությունը եւ անոր սրտին մեջ՝ լավ անկյուն։

  1. Մ. Սարգսյան, «Կյանքը կրակի տակ», Եր., Հայպետհրատ, 1963,412 էջ, 15000 տպ.։