Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բողոքները կենտրոններից սկսած մինչև մեր գավառների խուլ անկյունները լայն կերպով հրապարակ դրին նրա արդար դատը, և ամենքը, ամեն անհատ, ամեն մարմին, որոնց հետ կապված են նրա գործն ու պաշտոնը, ծխական հոգաբարձությունից մինչև հայոց եկեղեցու լռությունը պետք է ուշադրության առնեն։

Ասում են՝ հոգաբարձությունները մի՛թե իրավունք չունեն ուսուցիչ արձակելու։ Ունեն, այո՛, բայց նրանք կարծում են, թե իրենք հենց ուսուցիչ արձակելու համար են։ Ո՛չ, ուսուցիչ արձակելու համար չեն նրանք, այլ ուսուցիչ պահելու։ Իսկ արձակելու դեպքում էյ էնքան քաջություն ու շիտակություն պետք Է ունենան, որ վատին վատ ասեն։ Արդարացում չի, թե մի քանի անպետք ուսուցչի արձակելու համար ենք ամբողջ կազմը արձակում, որպեսզի անպետքին անպետք չասենք։ Ինչո՞ւ։ Ի՛նչ կեղծավորություն է։ էլ ի՞նչպես իմանանք ով է անպետք, և ինչու՞։ Չէ՞ որ էդ անպետքը գնալու է պաշտոնավարելու մի ուրիշ դպրոցում։ Եթե անպետք է, ամեն տեղ է անպետք։ Եվ ինչո՞ւ նրա պատճառով պետք է արձակվի նաև լավ ուսուցիչը, թեկուզ հենց ձևականորեն։ Ո՛չ, նա, ուսուցիչը պետք է հաստատ իմանա, որ հեշտ չի իրեն արձակելը, որ հաստատ ու ամուր է իր տեղը երկար տարիներով, որ ինքը ժամանակ է ունենալու հասցնի իր ձեռքի տակին կրթվող սերունդը և տեսնելու իր աշխատանքի պտուղը, որ թերևս ավելի թանկ արժե, քան ամեն վարձատրություն։

Անհետաձգելի լուծումն է պահանջում հայ ուսուցչի դատը, և նույնիսկ հակառակորդները լռում են նրա արդարության առաջ։

Ժամանակ է ստեղծելու մի բարձր ընտրյալ ինստանցիա, մի ձեռնհաս մարմին, որ կարողանար ցանկալի բարձրության վրա դնել հայ դպրոցական գործը և ապահովել հայ ուսուցչի վիճակը անվերջ անակնկալներից ու կամայականություններից:

ՎՌԱԶ ՊԱՏԱՍԽԱՆ Պ. Ա. ՄԵՂՐՅԱՆԻՆ

Պ. Մեղրյան, Ձեր «Ուշացած պատասխանի»1 ու նրանից առաջ տպած հոդվածի միտքն էն է, թե հայ գրողները պետք է մաքուր հայերեն գրեն։ Շատ ուշացած ու շատ հասարակ մի խելոք