Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեպի մեր գործերն ու գործիչները և խղճի ամենայն հանգստությամբ հայտարարում ենք, որ դա եղել է միշտ չար, միշտ աչառու, միշտ թունավոր, միշտ վիրավորական, վնասելու դիտավորությամբ, կուսակցական կրքից, թեև միշտ էլ եղել է անաչառ քննադատության անունով և զանազան նման գեղեցիկ յառլիկներով։ Նրա հալածանքից ու հայհոյանքից չեն ազատվել ոչ մեր գրականությունն ու գրողները, ինչքան էլ տաղանդավոր լինեին ու անմեղ, ոչ մեր հասարակական հիմնարկությունները, ինչքան էլ նրանք լինեին բարեգործական, հրատարակչական կամ կուլտուրական, ոչ մեր գործիչները, ինչքան էլ նրանք լինեին մաքուր ու պատկառելի, մի խոսքով ոչ ոք և ոչինչ։ Փրկվել են միայն նրանք, որոնք եղել են նրան կուսակից ու համախոհ։ Այլևս ոչ մի փրկություն։ Ամեն մի հիմնարկություն նրա աչքում հակառակ է համարվել նրա շահերին, ամեն մի գործչի, նույնիսկ իր սեփական թըղթակցի հռչակն ու հաջողությունը նա վնաս է համարել իր փառքին և միշտ ճգնել է կռվել ամենքի դեմ, հայհոյել, ծաղրել խանգարել, խեղդել։

Մենք այժմ չենք ուզում խոսել այն մասին, թե ո՛րտեղից է հոգու այդ դաժանությունը, այդ չկամությունը, այլ կարոտով միայն մի բան կկամենայինք, որ փոխվեին մեր բարքերը վերջապէս, որ վերանար այդ ավերիչ վերաբերմունքը, այդ գարշելի, բարբարոսական ադաթը մեր մամուլի միջից, տեղի տալով անաչառ, վայելուչ քննադատությանը, լայն ու պայծառ հայացքին և ազնիվ, բարյացակամ վերաբերմունքին դեպի մեր մարդիկն ու մեր հաստատությունները և, փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու, աշխատեինք ուժ տալ ու կենդանացնել։

ՔԱՂԱՔԱԿԱնՈԻԹՑՈԻՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Եվրոպական և ռուսական թերթերի էջերը մեծ մասամբ բռնված են քաղաքական հարցերով։ Ինչո՞ւ, որովհետև այդ ժողովուրդները ապրում են քաղաքական մեծ պայքարներով, երկիրներ ու ազգեր տիրելու և կառավարելու ծրագիրներ ունեն, առևտուրի մեծ շուկաներ ու ազդեցությունների ասպարեզներ ձեռք