վեր կտրված լինելով արտաքին աշխարհից՝ չգիտեմ դրա համար ինչ առաջարկներ են եղել՝ բայց որոշ տպավորությունների տակ՝ կուզենայի, որ ամենալուրջ առաջարկների հետ դրված լիներ և «Հայոց պատմության» խնդիրը։ Մի «Հայոց պատմություն»։ Մի «Հայոց պատմություն» պետք է տալ այս ժողովրդին, որ նրան դատողը դատելիս կարողանա ծանոթանալ ու այնպես դատել, որ նրան պաշտպանողը պաշտպանելիս առաջ քաշի այդ պատմությունը և այնպես պաշտպանի, որ նա ինքը՝ պատասխանի կանչվելիս բաց անի այդ պատմությունն ու այնտեղից հանի իր պատասխանը, որ ուրիշներն էլ ճանաչեն նրան, ինքն էլ ճանաչի իրեն։
Մի «Հայոց պատմություն»։
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԸ
Մի քանի շաբաթ սրանից առաջ Պետերբուրգի հայ գաղութը՝ ուշադրության առնելով հայոց պատմագրության և հայագիտության խեղճ վիճակն ու մեծ կարևորությունը՝ խորհրդակցություն ունեցավ հայկական տպագրության 400-ամյակին նախաձեռնել հիմնելու հայոց պատմագրության և հայագիտության ազգային ֆոնդ, որի նպատակը լինելու է.
Հավաքել, թարգմանել, ուսումնասիրել և հրատարակել.
1) Հայկական, հունական, հռովմեական, ասորական, պարսկական, արաբական, վրացական, ռուսական և այլ ազգերի պատմագիրների տեղեկությունները հայ ազգի մասին։
2) Ռուսական, տաճկական, պարսկական և այլ տերությունների պետական դիվանատներում — արխիվներում գտնվող հայոց պատմագրության վերաբերյալ նյութերն ու դոկումենտները։
3) էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Սըսի ու Ախթամարի կաթողիկոսարանների, Պոլսի ու Երուսաղեմի պատրիարքարանների, այլև Հռովմի Վատիկանի և այլ հոգևոր իշխանությունների արխիվների հայոց պատմության վերաբերյալ դոկումենտներն ու նյութերը։