Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճիշտ նույն հանգամանքներում ու միևնույն նպատակով––– մինը Տաճկաստանն ազատելու բոլգարական փորձանքից, մյուսը՝ մակեդոնական, ուրիշ ոչինչ։ Եթե մի ժամանակ մարդիկ կային, որ չէին հավատում, այժմ էդ տեսակ մարդիկ էլ չպետք է լինեն։

Ռուսաստանում մենք ունեցել ենք և կարոդ ենք ունենալ կուլտուրական մաքառում։ Եվ ես համաձայն չեմ էն ողբերի ու ողբասացների հետ, թե մենք կորչում ենք էդ մաքառման մեջ. էդ տրտունջները պետք է բացատրել գլխավորապես ավելի առաջ գնալու տենչանքով․ ընդհակառակը, մի հետադարձ հայացք կհամոզեր, որ հենց ազգային տեսակետից երբեք էնքան ուժեղ չենք եղել– ինչպես էսօր։

Խոսքս եզրափակելով ասում եմ, մենք Ռուսաստանում գտնվում ենք աշխարհիս լավ ժողովուրդներից մեկի և լավ գրականություններից մեկի ազդեցության տակ, Տաճկահայաստանն էլ կազմում է Ռուսաստանի արևելյան ազդեցության մերձավոր շրջաններից մինը, և գրեթե միմիայն Ռուսաստանի։ էնտեղ էլ անցյալում նա է կամեցել և այժմ էլ նա կկամենա ու կկարողանա վերջ դնել էս ծանր դրությանը։

Հարկավ, մարդիկ կլինեն, որ կառարկեն, թե էդ ամենը Ռուսաստանը արել է, կանի, որովհետև էդպես են պահանջում իր շահերը։ Ես դրան կպատասխանեմ…— Ավելի լավ, որ հզոր Ռուսաստանի ու հայ ժողովրդի շահերը բռնում են իրար։ Հենց դրա մեջն է կայանում հայ ժողովրդի օգնությունը, և դրանով է նա հաստատ։

Ահա թե ինչու և ինչպես իմ հույսերն ու համակրանքը կապվում են Ռուսաստանի հետ։

ԳՈՐԾԻ ԱՍՊԱՐԵԶԸ

Ասում են՝ փչացավ հայկական տառերի գյուտի ու տպագրության մեծ տոնը։ Փչացավ թե չէ՝ էդ մասին հետո կխոսենք, բայց գլխավորը—էսօր, մեծ տոնի առիթով հայ ժողովրդի առջև արդեն կանգնած են երկու մեծ գործ-Հայոց Կրթական ֆոնդն ա Հայոց Գրական Ընկերությունը իր Գրական ֆոնդով։