Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանափակելով էս 35 տարվա ժամանակի ու դեպքերի շրջանակում կամ, պատճառ է դառնում շատ սխալների։

Սակայն եթե ազատվենք էդ մեծ սխալից, հարցին նայենք ավելի մեծ տարածության վրա, հեշտ էլ կճանաչենք նրա բնավորությունը, ավելի հաջող էլ կմոտենանք նրա բանական ու բնական լուծման հնարավորությանը։

Եվրոպական դիվանագիտության համար, այո՛, 35 տարի է, ինչ որ գոյություն ունի հայկական հարցը, բայց մեզ համար էլ հո էդպես չի, 35 տարի չի, ինչ որ գոյություն ունի նա։

Երկրորդն էլ մեր հարցը Բեռլինից չի սկսվում և եվրոպական պետությունները չեն դրել, այլ Սան-Ստեֆանոյից է սկսվում, և ռուսներն են առաջին անգամ Հայկական հարցը մտցրել միջազգային խնդիրների շարքը։

էս երկու ճշմարտության մշտապես հիշելը շատ է կարևոր և շատ բան են ասում սրանք։

Հայկական հարցը շատ է հին։ Իր ամբողջությամբ նրան մեզանում քչերն են ծանոթ ու տեղյակ։ Նա իր սկզբնական շրջանում զուտ քաղաքական խնդիր էր և հետամուտ էր ձեռք բերելու հայի կորցրած քաղաքական անկախությունը։ Բայց ժամանակի ընթացքում ջախջախվեց ինքը— հայ ժողովուրդը, ջախջախվեցին նրա ուժերն ու հույսերը ու իջնելով, իջնելով պարսկական ու տաճկական բռնակալության տակ՝ պահանջը հասավ մինիմումի։ Եվ էսօր նա հանդես է գալիս արդեն լոկ որպես քաղաքացիական ազատության խնդիր, որ իր պահանջը վերջ ի վերջո ձևակերպում է էսպես, կյանքի, գույքի, պատվի և կուլտուրական զարգացման ապահովություն:

Թե Հայոց հարցը քաղաքացիական խնդիր է, ոչ թե քաղաքական, էդ լավ գիտեն թե Եվրոպայում, թե Տաճկաստանը և թե Ռուսաստանը, և հայոց սեպարատիզմի առասպելին լուրջ մարդիկ չեն հավատում։ Ռուս հայտնի գեներալ Ֆադենը իր «Армянская народность» աշխատության մեջ հերքելով հայկական սեպարատիզմը, որպես քաղաքական ուղղություն, ասում է՝ եթե մինչև անգամ որսից էլ օգնություն ստանա, դարձյալ անիրագործելի բան , է դա։