Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որքան կամենաք.— մոլեգնային վշտեր, անշուք սիրտ, չար ճակատագրի անողոք բախտ, որոտ հրաման, և այլն և այլն։

Հանգերի ու վանկերի մեծ անհամաձայնության մասին էլ չենք խոսում։

Պր. Մոճոռյանը նմանություններ շատ ունի (Վտակ, Ամպ, Տվեք ինձ մի քաղցր քուն, Եթե սիրտս ոչ մի տեղում, և այլն)։ Այս անհիշատակ նմանություններն էլ այնքան են հաջող, որ ինձ հիշեցնում են մի ուրիշ բան.― Մեր գյուղացի քարտաշին տվել էին ձիու պատկեր, որ նմանը փորագրի մի քաջ մարդու գերեզմանի վերա. ուստեն փորագրել էր և ձիու տեղ դուրս էր եկել էշ։

Այստեղ արդեն ժամանակ է բարի խորհուրդ տալու պ. Մոճոռյանին, թողնել բանաստեղծությունը և յուր գործը ճանաչել թե չէ, ոչ թե հողեղենների անհայտ մեղքերի, այլ այսպիսի բաների համար միայն Ոլիմպոսի սուրբ գագաթից կզայրանա հայր Արամազդը, և գուցե Տարտարոս էլ ուղարկի։