Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սրանից տասնյակ տարիներ առաջ մենք չէինք համարձակվիլ մտածելու, թե ունեցել ենք առանձին հայկական ճարտարապետություն, բայց էսօր, շնորհիվ գիտնականների ուսումնասիրության, ոչ թե լուրջ խոսք է լինում հայոց ճարտարապետության մասին, այլև նրա ազդեցության, որ արել է շրջակա ժողովուրդների ու հեռավոր ռոմանական ճարտարապետության վրա, հարկավ, ինքն էլ իր հերթին ազդվելով օտարներից։

Նոր է էս հայտնությունը ինչպես լուսավոր աշխարհքի, էնպես էլ մեզ համար։ Եվ էսօր առաջին անգամն է, որ հայ ճարտարապետը հրապարակավ պետք է խոսի հալ ժողովրդի հետ հայոց ճարտարապետության ու նրա ազդեցության մասին, և դուք առաջին ունկնդիրներն եք, որ լսում եք նրան։

Մեր հարգելի պ.Թորամանյանը, որ վկայված է Պետերբուրգի Կայսերական Գիտությունների Ակադեմիայից և վիեննայի համալսարանից և էս տարի մրցանակ է տարել, տասնևմեկ տարի է լուռ ու անդադրում ուսումնասիրում է հայոց ճարտարապետությունը՝ ավերակից ավերակ անցնելով։ Տասնևմեկ տարուց հետո՝ էսօր էնքան նյութ է հավաքել, որ Ստրիժեգովսկու նման հեղինակավոր մի գիտնականի իրավունք է տալիս մեր մասին գրելու էն տողերը, որ այժմ կկարդացվեն ձեր առաջ։ «Պատիվ ձեր մեծ ազգին», բացականչում է հայոց ճարտարապետության բեկորների առջև հիացած գիտնականը և խոստանում է հայտնություն անել Եվրոպայի առջև։

Եթե հիշենք, որ մի սառն ու լուրջ գիտնական է էսպես ոգեվորված մեզ մեծ ազգ անվանողը Եվրոպայի առջև, և եթե հիշենք, որ Եվրոպան էլ լոկ աշխարհագրական տերմին չի, այլ ժամանակակից քաղաքակրթության հայրենիքը, կարող ենք չափել պ. Թորամանյանի մեծ ծառայությունը և մեր հին կյանքի ու անցյալի ուսումնասիրության նշանակությունը, անցյալի, որ մեր նոր կյանքի ու կուլտուրայի պատվանդանն է։

Մոտիկ առաջիկայում Հայոց Գրողների Ընկերությունը կազմակերպելու է մի մեծ երեկույթ, ուր կցուցադրվեն հայ ճարտարապետության նմուշները մոգական լապտերով ու նկարներով և պ. Թորամանյանը կխոսի ավելի հանգամանորեն իսկ առայժմ

217