Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայացքն ունի, որ առաջնորդում և արդարացնում են իրան։ Եվ դուք տեսնում եք, որ հառաջադիմության այդ խոչ ու խութերը տգիտությունն ու խավարն են հարուցանում, հասկանում եք, որ կյանքի բնական ընթացքն է այդ։

Բայց ի՞նչ կասեք, որ գաղափարների պաշտոնյան և ծրագիրների մշակն է ստեղծում այդ արգելքները կյանքի մեջ. դարձնելով գադափարի գործն ապարդյուն և իր առաքելությունն աղետաբեր, ի՞նչպես կբացատրեք, որ այն մարդն է դառնում չարության գործիք, որը լավ է հասկանում ու տեսնում չարությունը և նրա ողբալի հետևանքը։

Լուսաբանության համար օրինակներ բերենք։

Մի ինտելիգենտ պարոն տողերիս գրողին հայտնում էր իր սրտի ցավը և վրդովված բողոքում էր, թե տգետ տիրացուներին կաշառքով ձեռնադրում են քահանա։ Նրան լսելիս չէր կարելի կասկածել, թե ճշմարիտ է այս մարդու զայրույթը, բայց իսկապես ճշմարիտն այն է, որ հենց այնտեղից նա գնացել էր նույն տեսակ մի գործ հաջողեցրել կաշառքով։

Սրա նման շատերին ենք ճանաչում։

Մի գյուղական ուսուցիչ էլ պատմում էր, թե կաշառքն ապականել ու քանդել է գյուղերը։ Նրա ռոճիկը տալու համար տանուտերը 35 ռ. կաշառք պահանջեց, հակառակ դեպքում չէր տալիս գրպանում դրած գումարը։ Ուսուցչին ասացին, որ անվայել է իրան՝ կաշառք տալը և կարգադրություն եղավ՝ որ եկեղեցու փողերից տան նրա ռոճիկը, իսկ տանուտերի հետ հասարակությունը հետո հաշիվ կտեսնի։ Այսուամենայնիվ ուսուցիչը իր խորհրդատուներից գաղտնի կաշառք էր տվել տանուտերին ու բանը վերջացրել։

Այս էլ հոգնակի երևույթ է։

Բայց ավելի լավը։

«Մշակի» նույն 104 համարում, հենց հիշված առաջնորդող հոդվածի տակ տպված է «Վերջին շունչը»— գյուղական ուսուցչի օրագրից մի պատկեր1։ Ուսուցիչը պատմում է, թե ձմռան մի ցուրտ ու բուք օր դատավորն իրան կանչեց Օհանենց Ալեքսանի տունը։ Ալեքսանը– վաթսուն տարեկան մի ծերունի, իր տան միակ աշխատավորը՝ վերջին շունչի վրա էր։