Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց նրա հոգու հետ ի՛նչ ես անելու… Իսկ էդ ոգի ՛ասած բանը անշունչ քարերից էլ կարող է Աբրահամու զավակներ հարուցանել և դաշտերում ցրված ոսկորներից՝ կենդանի ժողովուրդ։

Եվ ահա, ինչպես ամեն ժամանակ, էնպես էլ էսօր շարժվում է հայ ազգի հզոր ու աննկուն ոգին։ Մեծ աղետի օրերում էլ նա, ասես թե մի վերածնունդ նախատոնելով, շարժվում է լայնածավալ ու բազմակողմանի։ Ընկերություններ են հիմնվում իրար ետևից, գործեր են ծրագրվում ու ձեռնարկվում ամեն ասպարեզում` ամենօրվա ապրուստի, մթերքների շուրջը կազմվող կոոպերացիաներից մինչև գրականության ու գեղարվեստի բոլոր ճյուղերը, մինչեև գրողների, նկարիչների ու երաժշտական ընկերությունները… Երաժշտական Ընկերություն… բայց երաժշտությունը ամենանորն է արվեստների մեջ և Երաժշտական Ընկերության լոկ գոյությունն անգամ ապացույց է՝ թե ուր ենք ձգտում մենք։ Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն ու միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա։ Էսպեսով էլ նա, արվեստների մեջ ամենազգայականն ու ամենավերացականը միաժամանակ, հանդիսանում է ամենաուժեղ արտահայտությունը ժողովուրդների ոգեկան կյանքի և՝ բարձրագույն հաճույքներ տալով հանդերձ՝ դառնում է բարձրագույն կրթության միջոց։

Գեորգ կաթողիկոսի ու Չուխաճյանի ջանքերից հետո մեր մեջ եկավ Կարա-Մուրզան, ապա թե Եկմալյանը հայտնվեց, Եկմալյանից հետո նոր երաժիշտները եկան խմբովին, որ իրենց հետ բերին երաժշտական ընկերությունը։ Ահա էսօր էլ գալիս է եվրոպական երաժշտական աշխարհքում անուն հանած հայ նշանավոր երաժշտագետը՝ Ալ. Սպենդիարյան, օտար երկրից դեպի հայրենի մթնոլորտը, արևմտյան երաժշտությունից դեպի արևելյան երաժշտությունը, մեծ ու գեղեցիկ ծրագիրներով, որոնց գործ դառնալուն առհավատչյա են իր խոշոր տաղանդն ու փայլուն պատրաստությունը և էն հանգամանքը, որ իր շարժվելու