Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ենթակա են եղել ռուսն ու լեհը ճորտատիրական կարգի պատճառով և ազնվականության ճնշումի հետևանքով, որ հազար անգամ ավելի սպանիչ ազդեցություն է արել, քան ամեն քաղաքական լուծ ու ճնշում։ Եվ սրանից է, որ ռուսական ազգային էպոսի (былина) մասերն էլ կենդանի են մնացել ավելի երկրի .հյուսիսային ծայրերում, ուր ճորտատիրության օրենքը չի հասել։


Սերբ ժողովրդի էպոսը չորս շրջան ունի.


1. Հնագույն կամ դիցաբանական երգերը, 2. Կոսովյան դաշտի երգերը, 3․ Արքայագուն Մարկոյի երգերը և 4. Նոր ժամանակի երգերը։


Սերբիական էպոսի մեջ վառ ապրում են նախաթուրքական շրջանի և թուրքական տիրապետության շրջանի հիշողությունները, պատմական դեպքերն ու հերոսները։


էդ հերոսներից մինն է Վուկաշին թագավորը, որ ընկավ թուրքերի ձեռքից։ Ընկավ և նոր կազմակերպվող, ջահել Սերբիան, սակայն ընկավ վերստին կանգնելու կյանքով ու տենչանքով լիքը։


Ահա էս Վուկաշինի որդին է սերբիական էպոսի մեծագույն հերոսը– Մարկեն, որ հանդիսանում է սերբ ժողովրդի ազգային նվիրական զգացմունքների ու առաքինությունների մարմնացումը, նրանց Սասունցի Դավիթը։


Սերբերը սկզբներում թուրքերին հաշտ աչքով էին նայում, նրանցից չէին սպասում էն չարիքները, ինչ որ տեսան հետագայում, դրա համար նրանց ազգային հերոսն էլ, էպոսի մեջ, իբրև էդ մոմենտի ու վերաբերմունքի արտահայտություն՝ համարվում է սուլթանի հոգեորդին, սուլթանն էլ նրա հոգեհայրը։


Բայց կարճ ժամանակից հետո թուրքերը սկսում են իրենց անտանելի ճնշումները… գեղեցիկ կանանց ու տղերանցը հավաքել, սերբերին արգելել զենք կրելը, ձի նստելը, կանաչ զգեստ հագնելը, ծանրաբեռնում են ամեն տեսակ հարկերով ու տուրքերով, զզվեցնում ու զայրացնում են ժողովրդին, և ահա հոգեորդին դուրս է գալիս հոգեհոր դեմ։ —————————————

  • Բնագրում՝ լեհացին։

18 Երկ. ժողովածու հատոր IV