Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էդ տեսակ վկայություններ է տալիս նաև վրաց պատմությանը հայերի մասին.

«Օգտվելով մահվամբ հայոց Աշոտ թագավորի, որ այդ ժամանակ միակ հետևողն էր Վրաստանի խաղաղության, Պադլան, Դինաուրի գաբրիել քորեպիսկոպոսի հաջորդը գրավեց Գարդաբանի մի մասը, Քարթալինիային պատկանող շրջանները, իսկ աբխազական Բագրատ թագավորը մտավ բուն Քարթալինիա»։ («Վրաստանի պատմություն» իշխ. 13. Չարաթովի. Ս. Պ. Ռ. 1871. էջ 18):

Սրանք, իհարկե, եզակի դեպքեր չեն, որ կարելի է բերել հայոց կամ վրաց պատմությունից։ Եվ էդ դեռ տիրողների՝ թագավորների և իշխանների կյանքից։ Իսկ ժողովուրդը… սովորաբար ասում են, թե ժողովուրդը քիչ է երևում անցյալում, պատմության մեջ։

Ո՛չ, ես կարծում եմ, ժողովուրդը կա, երևում է, նա խոսում է հազար ձևերով ու արտահայտություններով․ միայն հարկավոր է կարողանալ էդ գտնել, նկատել և տեսնել։

Ահա՛ հայ ժողովուրդը, խտացած իր ազգային էպոսի — Սա– «ունցի Դավթի մեջ։

Եվ էսպես էլ, հայկական էպոսի մեջ մշտապես անսասան կանգնած են հայոց հսկայի — Սասունցի Դավթի և վրացի հսկայի — Գեորգիի (այլ վարիանտով՝ Համդոլ) հսկայի դեմքերը իրար կողքի, ուր Դավիթը Գեորգիին է տալիս իր բարևը, Գեորգին էլ միայն Դավթի բարևն է առնում, նա է Դավթին զգուշացնում վերահաս վտանգի հանդեպ, և նրան է հավատում Դավիթն անվերապահ։ Նրանց սրերը երբեք չեն խաչաձևվում, և բացառապես սիրո և բարեկամության համար է Դավիթը Գեորգիի երկիրը գալիս։

Ահա՛ ձեզ ամբողջ ժողովրդի արտահայտած կարծիքը, սերունդներով ամրապնդված կապը, հավերժորեն գծված ճանապարհը։ Հայ լինի թե վրացի, եթե շեղվում է էդ ճանապարհից, նա դավաճանում է իր ցեղի ոգուն… Սակայն հենց նույն էպոսը հրաշալի կերպով խնդիրը պարզում է և բաց անում գեղեցիկ ապագայի հեռանկարը։ Երբ Սասունցի Դավիթը