Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

diսանում ու փայլատակում իր աստվածային ուժի չքնաղ վեհությամբ այն ժամանակ նա, այդ բթամտությանը՝ զարհուրած, ապուշ կտրած իրան է քաշում ոճրագործ ձեռքը, շշկլված, հիացած աղաղակում է այդ իրանից մեծ հրեշի առաջ, երկրպագում է, կեցցեներով ու պսակներով գալիս անամոթ ճակատով կանգնում, թե դու իմ կուռքն ես, և ճգնում է հավատացնել, ոո ինքը վաղուց հիացած էր և փայփայում էր նրան…

Բայց չպետք է հավատալ, թե արդեն նա փոխեց իր խավար բնությունը։ Ո՛չ, անհաշտ ու անվերջ է այդ մաքառումն, քանի որ կան տաղանդն և բթամտությունը։ Նա հաղթվեց, տեղի տվեց, ինչպես իրանից ավելի զորեղ ուժի հանդիպած մի տարր, բայց իր սպանիչ ուժով այժմ էլ մի ուրիշ «նորածին» տաղանդի վրա է ծանրացել խեղդելու, ճիշտ առասպելական այն հին դևի նման, որ, ըստ ավանդության, աշխատում էր դեռ օրորոցում խեղդել այն երեխաներին, որոնք ճակատներին շնորհքի նշան կունենային։ Եվ ահա ծաղրում է, հռհռում, զարմանում, զայրանում, եռում, փրփրում և ուզում է խորտակել անճոռնի ոտների տակ։

Տաղանդը՝ կյանքի արահետը թողած՝ ձգտում է դեպի վեր։

— Խե՜նթը, խե՜նթը… աղաղակում է նա. այծեր ունի դա, այծե՜ր… հե՜յ, հո՜ւյ, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Տաղանդը իր ոգևորության մեջ բարձր հայտնում է իր կոչումը։

— Ա՛յ դու հանդուգն, լիրբ, անպատկառ, խելառ, վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ…

Ահա, վերջապես մի որևէ ուժ, ձեռք, դուրս կորզեց, հանեց տաղանդին այս վանդալական վտանգալի մեյդանից։

— Հե՜յ, ո՞ւր եք տանում, թողեք դրան, մենք ծիծաղում ենք… այստեղ տվեք, ո՞ւր եք տանում… Օ՜, խայտառակությո՜ւն, վտ՜յ, հարա՜յ, դա խենթ է, դա խե՜նթ է…