Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան հետ միաժամանակ ֆիզիկապես էլ քայքայվել, ընկել եմ բոլորովին— մի քիչ ժամանակ էլ որ անցնի, կարծեմ օգնությունն էլ զուր կլինի, օրհնությունն էլ։

Անհամբեր սպասում եմ քո կենսագրական գաղտնիքներին, դրանք ինձ համար շատ կարևոր կլինեն։

Նամակս ոզում եմ այստեղ վերջացնել։ Բարև Օլյայից և իմ գերդաստանից։

Այս երկու օրս գուցե գնանք Շուլավեր, թեև ասում են այնտեղ էլ շատ շոգ է, բայց ինձ համար ավելի լավ է— Թիֆլիսից հեռանամ, թեկուզ դժոխքն ընկնեմ։ Այստեղ ամեն օր շոգից մարդիկ են ընկնում փողոցներում։

Հա՛, մի անգամ միտքս գցիր քեզ գրեմ իմ տեսակցությունները կաթուղիկոսի հետ։ Նամակիս պատասխանը գրիր Большие Шулаверы (заказное գրիր)։

Քո Հովհաննես

6. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՋԱՐՑԱՆԻՆ

Շուլավեր—Թիֆլիս

[1898 թ. ամառ]

Սիրելի Ֆիլիպ.

Քո մտածած երկու միջոցին էլ համաձայն եմ1։ Այնպիսի միջոցներ են, որ նյութական թեթևություն տալով հանդերձ միշտ կդրդեն գրելու և ՛զբաղվելու։ Իսկ եթե, ճշմարիտ, այնքան հաջող լիներ, որ կարողանայի պարտքերս էլ վճարել, այդ արդեն ում հասներ; Մի խոսքով հարկավոր է, որ ուշք ու միտքս ազատեի պարտքատերերիս ու տանս ճորտությունից։ Առանց այն էլ այնքան երեխաներ կան և այնքան են մանր, որ ամբողջ գիշեր լաց լինելով ու ցերեկն աղմկելով մարդա հանգիստ չեն տալիս, դե բանաստեղծությունն էլ խո՞ պկու չի, որ ամեն տեղ և ամեն ժամանակ մարդ փչի։ Բանաստեղծը միայն խաղաղության մեջ կարող է ամփոփվել, ոգևորվել ու ստեղծագործել— մանավանդ մեծ գործեր, օրինակ պոեմ, դրամա և այլն։ Ես այսքան բան որ