Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ՎԱՐՔ ՈԻ ԲԱՐՔԻՑ

Մեր լրագիրները փեշակ են շինել հալածել ու հայհոյել գրականությունն ու գրողներին, իհարկե, միշտ քննադատության անունով, գրականության վրա սրտացավ հսկողի հավակնությամբ, միշտ անաչառություն աղաղակելով։ Շատ հետաքրքրական բան դուրս կգար, եթե մի ձեռնհաս մարդ քններ այս տխուր երևույթը, ցույց տար, թե ինչ շարժառիթներից է առաջ եկել, ինչպես է արտահայտվել կամ ինչ միտք է ունեցել այս թշնամական վերաբերմունքը, որ միշտ անցել է հասարակ մարդավարության և տանելի դատողության սահմաններից։

Այդ կողմից միշտ է աչքի ընկել Մշակ լրագիրը․ բայց վերջերս Ն ո ր-Դարը ճգնում է անպատճառ նրանից էլ խիստ ու խելոք երևալ։ Գրականության մասին խորհրդածություններ է անում, հարցեր է տալիս ու իրան իրան պատասխանում։ Իհարկե, շատ, անմխիթար պատասխաններ, հուսահատական եզրակացություններ, նախատինքներ ու խրատներ, մեկը մյուսից ավելի անհեթեթ ու անճոռնի։ Վերցնենք հենց վերջին առաջնորդողները, որոնց մեջ լրագիրը խոսում է գրողների ու գրականության մասին։

№ 39-ի առաջնորդողում, որ կրում է Կանոնավոր կրթությունն է պակասում վերնագիրը, լրագիրն ասում է. «Մեր մեծ համարված, բայց իսկապես շատ փոքրիկ տաղանդի տեր բանաստեղծները, դրամատուրգները (դրամատուրգնե՛րը),