Երեկ էլ նոր հեռագիր ստացանք, թե լայնածվալ կոտորածներ են սկսել Տաճկահայաստանում։ էն. ինչ որ ամենքս էլ սպասում էինք շարունակ, ու ինչի մասին որ սարսափից չէինք էլ խոսում։ Այո՛, էսպես, թուրքը վերջին անգամ լողում է էս դժբախտ ժողովրդի արյան մեջ։
Ես համոզված եմ, որ սա վերջին ոճրագործությունը պետք է լինի էս համաշխարհային ճիվաղի, բայց թե մեզ համար էլ սոսկալի հարված կարող է լինել։ Խորհրդակցություն ունեցանք վերերի հետ, հաղորդագրություններ ու կարգադրություններ եղան արտակարգ, տեսնենք ինչ դուրս կգա։ Ամեն օր, ամեն օր նիստերի ենք, ջղային, հուզված, հոգնած։ էսօր էլ ահա երեք նիստ ունեմ։ Սպասում եմ մի մասնաժողովի, որ գալու է մոտս խմբագրենք Գրողների Ընկերության կոչը— հեռագրով դիմումը աշխարհքի գրեթե բոլոր ազգերի Գրական Ընկերություններին, մեծ թերթերին ու նշանավոր գրողներին։
Ինձ ուզում էին ուղարկել Ռուսաստան շրջագայելու, խոսելու և նաև հանգանակության մասին հոգալու, կազմակերպելու, պիտի գայի և Մոսկվա, բայց իմ անձնական մեղքերը ինձ հնարավորություն չեն տալիս տանից շատ հեռանալու։
Ինչպես գրիլ էի անցյալ նամակում— էս խառը ժամանակը ես էլ, ի միջի այլոց, զբաղված եմ և հայրենագիտական, և ուրիշ տեսակի խաղալիքներով ասում են գուցե դրանով է մեր մանտկներին մի բանով օգնած լինենք՛– հայանալու և մարդանալու։ Բայց դժբախտաբար սարսափելի թղթի թանկություն է— մանավանդ բրիստոլի կարտոնի, չենք ճարում գրեթե– և դրանից էլ թանկանում են խաղերը։
Շատ ու շատ բարևներով ու համբույրներով ամենիդ՝