Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այժմ երևի շատերը ինձ կհիշեն։ Հույս ունեմ, որ էս եկողի հետ ձեզանից նամակ կունենանք։

Ռևկոմի մեծ մասին ծանոթ եմ անձամբ, շատ լավ մարդիկ են։ Եթե տաճիկների հետ էլ մեզ հաշտեցնեն— հրաշալի կլինի։

Մարուսպայից Մուշեղը երևի տեղեկություն կունենա։ Շաղիկը լավ է, խոսում է կարգին։ Բաբոն էլ լավ է, բայց տերտերը հիվանդ է և հաճախ պառկում է։ Աշխենի իրերը մեծ մասամբ այժըմ Թամարի մոտ են (իրենց հարսի)։ Գիգային Աջեմյանը (Մոսիան) գործ է առաջարկել։ Ընդունելու և գնալու տրամտդրության ունի։

Դերենիկի կինն ու երեխան էլ լավ են։ Կարողացա նրան էլ մի 16000 ռ[ուբլի] հասցնել։

Կարծում եմ այժմ երկաթուղին կարգի կընկնի և առաջիկա տոներին կտեսնվենք, կամ դուք կգաք կամ ես կգամ։ Հա, մոռացա գրել, որ Արեգը միսիայում պաշտոն կունենա։

Դրվածքներիցս տարան Ամերիկա հրատարակելու։

էստեղ թաղթ չի գտնվում միանգամայն, իհարկե, գրքի եմ ասում։ Թեև առանց սրան էլ համոզված եմ, բայց էլի ասում եմ— իմացած եղեք, որ էդ կատարված դեպքերը պատահական չեն, պատմության ուղիղ ընթացքն է, մեր ապագան, ինչպես միշտ ասել եմ և դուք էլ գիտեք, կապված է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանն ինչքան ազատ — էնքան լավ, թե մեզ համար, թե աշխարհքի։

Հիմի ամեն մի մարդ հանգիստ կքնի իր տանը և կիմանա, որ էլ կոտորածի վտանգ չկա և մի լայն կուլտուրական կյանք կսկսվի։ Թե չէ էն վանդակում—դռանն էլ միշտ մի Կարաբեքիր կանգնած–ներսն էլ էդ տեսակ ապիկարներ ու անբարեխիղճներ— ինչ էինք անելու։

Այժմ միայն մի բան է պետք — որ հանգիստ անցնի ամեն բան և հաշտ ու խաղաղ։

Նամակս շատ կցկտուր դուրս եկավ, որովհետև հանկարծ իմացրին և պետք է շտապ գրեի ու հանձնեի։

415