Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

48. ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Պոլիս—Թիֆլիս

1921 թ. նոյեմբերի 2․

Իմ ջանիկ-մանիկներս։ էտքան ժամանակ, որ ինձանից տեղեկություն չունեք, եբևակայում եմ, թե ինչքան եք անհանգստացել ու ինչեր եք մտածել։ Դժբախտաբար, ինչ եկել եմ— վերադարձողի չեմ պատահել, որ նամակ գրեի—մի կողմից, մյուս կողմից Էլ՝ ասել եմ՝ էսօր կգնամ, էգուց կգնամ ու էդպեսով էլ ետ է ընկել։

Ստացել եմ երեքիդ նամակն էլ: Արոյանն էլ պատմեց, որ ձեզ մոտ էր եղել, տեսել է, հետներդ խոսել է։ Մի խոսքով— դուք իսկի չեք կարող երևակայել, թե ինչքան եմ կարոտել և ինչքան եմ անհանգիստ։ էստեղ շատ են զարմանում ու զգացվում հաճախ, երբ տեսնում են էս ամենը։ Իրիկունները պառկում եմ թե չէ՝ սկսում եմ ձեզ վրա մտածել— և ամբողջ գիշերները քնել չեմ կարողանում։ Անդադար երևակայում եմ ճանապարհն ու տուն հասնելը և ձեզ։

Թեև, կարծում եմ, ապահով պիտի լինեք, բայց միշտ մտածում եմ, թե ով գիտի ինչ նեղություններ եք քաշում։

Եկա Էստեղ Էլ հասա Համլիկին։1 Մի ամիս ինձ հետ Էր։ Նոր գնաց։ Գիրքս տվի տպագրության2։ Համլիկի համար Էլ լավ եղավ։Լևուսի3—Զարգարյանի հետ միասին էին ապրում։ Լևուսը առայժմ մնաց։

Ինչպես երևում է լրագիր չեք կարդում, և չեք իմանում, թե ինչ օրի եմ էստեղ։ Օրը մի քանի տեղ—հանդեսներ ու աղմուկներ, իսկ գնացող եկող—էլ մի՛ հարցնեք։ Շատ օր ոչ թե չեմ կարողանում ճաշել, ժամանակ չի լինում, մինչև անգամ թեյ չեմ կարողանում խմել։ Իսկ երեկ— երեսս լվանալ անգամ չկարողացա։

Եվ երեկվանից էլ հրաժարվեցի էն բոլոր տեղերից, որ խոսք էի տվել գնալու։ Այժմ պատրաստվում եմ գալու։ էս նավին չհասանք– և դրանով էլ ուղիղ տասն օրով ետ եմ ընկնում, ուղիղ 10 օր կամ 10 տարի ձեզ ուշ եմ տեսնելու։