Այս էջը սրբագրված է
Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև…
Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։ ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է. «Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» № 5)1։ «Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՚ք. հայոց թատրոնը մեռնում է… այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ… բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել… նա պիտի ապրի… իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող
հիմնարկություն» («Հորիզոն» №5):
Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.
«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությունները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչ այն աստիճան, որ իր հետքըն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչընչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է
81
6 երկ. ժողովածու հատոր IV