Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ երգվող երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ...» (ԵԺ IV, 87): Արդեն 1889 թ. նա գրել է «Կալի երգը»։ Բայց ժողովրդական մոտիվներով հյուսված բանաստեղծությունները մեծ մասամբ երևան են եկել 1907-1911 թթ. և գրված են «Հասկեր» ամսագրի ու «Լուսաբեր» դասագրքերի համար։ Այդ տարիներին է նա գրել «Ծույլ աղջիկը», «Արագիլ», «Ծիտը», «Խնոցի», «Քամին», «Կռունկներ», «Արտուտիկ», «Դժար տարի», «Փիսոն», «Ուրագ ու սղոց», «Ճախարակ», «Գութան», «Փոքրիկ երկրագործը», «Ուլունք», «Կալի երգը», «Ճնճղուկները», «Սոխակի վիշտը», «Կաքավի ողբը», «Մանուկն ու ջուրը» և այլն։ Այս փոքրիկ բանաստեղծություններով ևս կարելի է ստվերագծել նրա ժողովրդայնության բնույթը, կամ այլ կերպ ասած՝ թե ինչն է գրավել Թումանյանին բանահյուսական անբավ նյութերի մեջ, հատկապես ինչ թեմաներ է ընտրել նա և ինչպես է մշակել դրանք։

Հասցեագրված լինելով մանուկ ու պատանի ընթերցողներին, ժողովրդական մոտիվներով գրված այս բանաստեղծություններն ունեն դաստիարակչական խոշոր նշանակություն, և մասամբ նաև սրանով է պայմանավորված թեմաների ընտրությունը։ Սակայն, ինչպիսին էլ լինեն, դրանք նախ և առաջ արտահայտություններն են այն մեծ հումանիզմի, աշխարհը բոլորի համար շեն ու պայծառ տեսնելու այն փափագի, որ գալիս է ժողովրդական մտածողությունից և հարազատ է բանաստեղծին։ Լեռնային գյուղի գորովանքով գծված համապատկերը, Լոռվա բնությունն իր երփներանգ ծաղիկներով ու խոսնակ թռչուններով, աղբյուրներով ու գետակներով, գյուղի մարդիկ իրենց հոգսերով և ուրախություններով, դարերով մշակված սովորություններով ու չգրված օրենքներով, նրանց չարքաշ աշխատանքը որպես ամենայն բարյաց ու մարդկային բարձր հատկանիշների աղբյուր-ահա Թումանյանի ընտրած մոտիվները ժողովրդական բանահյուսության գանձարանից։ Եթե մի ընդհանուր հայացքով ընդգրկենք բանաստեղծի ողջ ստեղծագործությունը, իսկույն կնկատենք, որ սրանք առկա են նաև այնպիսի երկերում, որոնք բանահյուսական ատաղձ չունեն։ Այսինքն՝ այս դեպքում ևս Թումանյանը հարազատ է ինքն իրեն, քանի որ հարազատ է իր ժողովրդի մարդասիրական մտածողությանը։

Ժամանակին բանակռիվ մղելով ժողովրդայնության թյուրըմբռնողության դեմ, Թումանյանը Պուշկինի օրինակով ցույց է տվել, թե ինչ ասել է իսկական ժողովրդայնություն, և թե ինչ հարաբերության մեջ պիտի լինեն միմյանց հետ բանահյուսական նյութն ու դրա մշակումը։ «Ես,-գրում է նա,-իմ լեգենդներն էլ եմ ժողովրդից առել, բոլոր հեքիաթներն ու զրույցներն էլ եմ ժողովրդից ու ժողովրդականից առել ու միշտ աշխատել եմ ինչքան կարելի է մոտիկ ու հարազատ մնալ» (ԵԺ IV, 267): Բայց միաժամանակ նա մեծ տարբերություն է տեսնում բանահյուսական նյութի և դրա գեղարվեստական մշակման միջև. «Մշակածի,

537