Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդեն տեսանք, որ ժողովրդական մոտիվները նա մշակել է բացառապես մանուկների համար, և դրանք նրա ստեղծագործության մի գեղեցիկ մասն են կազմում։ Նրա ինքնուրույն բանաստեղծություններից էլ է երևում, որ մանկական գրականությունը նրա համար երբեք չի եղել «գործից ազատ ժամանակ» հորինվող, «ոչ այնքան կարևոր» արվեստ, ինչպես նկատում ենք ուրիշ դասականների ժառանգությունն ուսումնասիրելիս։ Այս առումով Թումանյանը մեր ամենակատարյալ մանկագիրն է նաև իր տեսական պատրաստությամբ և մանրամասն մշակված սկզբունքներով, որոնք նա արտահայտել է պարբերաբար անդրադառնալով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության հարցերին։

Թումանյան-մանկագրի անզուգական վարպետությունը փայլատակում է ինչպես ժողովրդական մոտիվների մշակումներում, այնպես էլ «Հասկեր» ամսագրի և «Լուսաբեր» դասագրքերի համար նրա կատարած տասնյակ փոխադրություններում և այնպիսի ինքնուրույն բանաստեղծություններում, ինչպիսիք են «Լուսաբացին», «Գետակը», «Աղբյուրը», «Ծաղիկները», «Կանաչ ախպեր», «Աշնան վերջը» և այլն։ Օրինակ, «Ծաղիկները» բանաստեղծության հիմնական նպատակը «արտաքին աշխարհի» ցուցադրումն է։ Այստեղ բանաստեղծը մանուկ ընթերցողին ավետում է, որ գարնան գալու հետ նորից հայտնվելու են ձմռան ցրտին ձյան շերտի տակ թաքնված ծաղիկները։ Բայց այն նուրբ քնքշանքը, որով նա համակում է ընթերցողին՝ ծաղիկներին համեմատելով քնից արթնացող մանուկների հետ, անշուշտ, ունի նաև դաստիարակչական նշանակություն։ «Գետակը» բանաստեղծության մեջ ևս, թեև նպատակներից մեկը ջրի կենսական մեծ նշանակության մասին տեղեկություն հաղորդելն է, բայց միաժամանակ փառաբանվում է երկրագործի աշխատանքը, այսինքն՝ «թաքուն» անց է կացվում դաստիարակչական նպատակ ունեցող խրատը։

Բանաստեղծությունների այս յուրատեսակ բնույթով էլ հենց պայմանավորվում են դրանց գեղարվեստական առանձնահատկությունները՝ կառուցվածքը, պատկերները, ոճն ու բառապաշարը։ Թումանյանը, որի բանաստեղծություններում հաճախ են հանդիպում «գիշեր», «խավար», «հառաչանք», «անտակ ցավ» և նման բառեր, մանկական բանաստեղծություններում ավելի շատ լավատեսական, ուրախ մեղեդիներ է հնչեցնում և, հավատարիմ իր այն համոզմանը, թե երեխան ամեն ինչ ընկալում է ուրախ ձևով, խոհական բանաստեղծությունների հանդարտ տողերը փոխարինում է վետվետուն, թեթևասահ տողերով, թանձր ու խորունկ պատկերները՝ պարզ, «առանց պատկերի» բանաստեղծությամբ։

Ուրիշ են ավելի տարեց ընթերցողներին հասցեագրված երկերը։ Միջին տարիքի երեխաներին ու պատանիներին Թումանյանն արդեն առաջարկում է այնպիսի բանաստեղծություններ, որոնցում հիմնականը

539