Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերներին՝ Դավիթ Շահլամյանին, Գրիգոր Վանցյանին, Արամ Առաքելյանին և Արսեն Ղլտճյանին (նույն տեղում, էջ 288)։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 85, այնուհետև՝ ԵԺ I, 247։

Արտատպվում է ԲՄ-ից։


ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ
(«Արի՛ գութան, վարի՛ գութան...»)
(էջ 26, 433)

Գրված է 1887 թ. մարտին։

ԳԱԹ Թֆ № 15 պահվում է Մճ-ի արխիվից հանված մեկ ինքնագիր՝ 16 տող, վերնագրված «Գութանի երգը»։ Վրան կա Ավ. Արասխանյանի մակագրությունը՝ «Մուրճ, № 4», ապա՝ «Շարել ու տպել Թումանյանցի մյուս ոտանավորների հետ (Կրասիլնիկյանինը առայժմ հանել ու պահել)»։

ԹԸԱ պահվում է մի մասն այն տետրի, որից հեղինակն, ըստ երևույթին, կազմել է ԲՄ I և ԲՄ II ժողովածուները։ Այստեղ ոտանավորը վերնագրված է «Հայ երկրագործի երգը», պահպանվել է առաջին տողը և մի հատված, որը չկա հեղինակի կենդանության օրոք լույս տեսած հրատարակություններում։ Այդ հատվածը հրատարակել է Ա. Ինճիկյանը (տե՛ս Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 236—237):

Առաջին անգամ «Գութանի երգ» վերնագրով, տպագրվել է ՄՃ, 1891, № 4, էջ 504, այնուհետև՝ ԲՄ II, էջ 93—94, Դ (13-րդ ոտանավոր), Դփ, էջ 5—6, «Գութանի երգը» վերնագրով, վերամշակված՝ ԲԹ, էջ 9—10, ԲԲ, էջ 7—8, ԲՊ, էջ 11—12, ապա՝ ԵԺ I, 13:

Արտատպվում է ԲՊ-ից։

ԲՄ I-ի հրատարակությունից հետո Թումանյանը բազմաթիվ նամակներ է ստացել ինչպես իր մտերիմներից, այնպես էլ անծանոթ մարդկանցից, որոնցում բարձր կարծիքներ կան ժողովածուում զետեղված մի շարք բանաստեղծությունների, այդ թվում և այս երկի մասին։ Ահա, օրինակ, թե ինչ է գրում մանկավարժ, քիմիկոս և լրագրող Սիմ. Հովվյանը 1891 թ. մայիսի 14-ին Թումանյանին հղած նամակում. «Հիանալի էր վերջինը՝ «Արի գութան, վարի գութան...»։ Երգի՛ր, սիրելիս, գյուղացու կյանքը, նրա հոգսն ու վիշտը, նրա տանջանքն և երջանկությունը, երգի՛ր, շա՛տ երգիր, այդ մեր ամենիս սրտին մոտիկ է։ Երգի՛ր, անընդհատ երգի՛ր, որովհետև քո երգածի մեջ բնականություն կա և ոչ դատարկ ֆանտազիա։ Դու պիտի երգես, որովհետև դու նույն իսկ այդ ընկճված, հարստահարված գյուղացու ծնունդն ես» (տե՛ս ՈՒՀ 4, 302)։

547