ԲՄ II, էջ 83—84, թվագրված՝ «1890 թ.», ապա՝ ԵԺ 1, 54։
Արտատպվում է ԲՄ II-ից։
Մշ, 1891, 13 օգոստոսի, № 90 տպագրվել է Ասիացու (Գր. Արծրունու) ֆելիետոնը, որտեղ ծաղրվում է Թումանյանի այս ոտանավորը։ Պիտի ասել, սակայն որ Արծրունու ծաղրն ու հակակրանքն ուղղված է եղել ոչ միայն նոր-նոր գրական ասպարեզ իջնող բանաստեղծի, այլև Ավ. Արասխանյանի և նրա «բանաստեղծական նոր դպրոցի», այսինքն՝ Մճ-ում տպագրվող նաև մյուս բանաստեղծների (Ալ. Ծատուրյան, Լ. Մանվելյան և ուրիշներ) դեմ։
Այս հակակրանքն ավելի հին ծագում ունի։ Թումանյանն այն բացատրում է առհասարակ ժամանակի հայ գրականության և արվեստի նկատմամբ կյանքի վերջին տարիներին Գր. Արծրունու բռնած ժխտողական դիրքով։ Այդ մասին նա իր կարծիքն արտահայտել է քանիցս, այդ թվում 1913 թ.՝ երկու անգամ՝ դեկտեմբերի 15-ին և 29-ին՝ Հայ գրողների ընկերության երկու երեկույթներում, որոնցից առաջինում դասախոսություն է կարդացվել Միք. Նալբանդյանի, Րաֆֆու և Գր. Արծրունու, իսկ երկրորդում՝ Գր. Արծրունու մասին։ «Նորերը չեն իմանալ,— կարդում ենք դեկտեմբերի 15-ին բանաստեղծի ունեցած ելույթի շարադրանքում,— բայց հները լավ կհիշեն, թե նա (Արծրունին. խմբ.) ինչպես էր խոսում հայ գրողների դեմ, հայ տաղանդների դեմ»։ Այնուհետև հիշում է Ղ. Աղայանի, Պ. Ադամյանի և Րաֆֆու դեմ ունեցած նրա ելույթները (տե՛ս ԵԺ IV, 456—458)։
ՆԿԱՐԻՉ Գ. ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆԻ «ՁՈՐԱԳԵՏԸ ԳԻՇԵՐՈՎ» ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ
(«Արտի՛ստ, քաջերի այս ձորն ահարկու...»)
(էջ 79)
Գրված է 1890 թ.:
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 6, էջ 883, թվագրված՝ «1890 թ.», այնուհետև՝ ԵԺ I, 53։
Արտատպվում է Մճ-ից։
Գրականության մեջ Թումանյանի ներշնչանքի առարկա նկարը հայտնի է «Դեբեդ գետը գիշեր ժամանակ» անունով։ Ստեղծվել է 1890-ին, նույն թվականին ցուցադրվել է Թիֆլիսի, ապա Մոսկվայի և Պետերբուրգի պատկերասրահներում (տե՛ս Մ. Սարգսյան, Գևորգ Բաշինջաղյան, Երևան, 1957, էջ 70—71):