Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ուրիշներ։ Իսահակյանը գրում է. «1908 թվի դեկտեմբեր ամսին, ցարական ժանդարմերիան Օհաննեսին և ինձ ձերբակալեց և, զանազան հակապետական մեղադրանքով, վեց ամիս պահեց Թիֆլիսի Մետեխի բանտում։ Կամերաներով դրացի էինք իրար։ Բանտում լրացավ, փետրվար ամսին, Օհաննեսի 40-ամյակը։ Այդ առիթով նա գրեց «Վայրէջք» բանաստեղծությունը։ Մենք տխրության ու ուրախության խառն զգացմունքով տոնեցինք նրա տարեդարձը» (տե՛ս ԹԺՀ, էջ 19)։

Ն. Թումանյանը հիշողությամբ մեջ է բերում հեղինակի խոսքերն այս բանաստեղծության մասին, ասված 1920 թ. մայիսի 19-ին. «Վայրէջքը» իմ ամենալավ բանաստեղծություններից է, շատ է լավը, Մետեխի բանտում եմ գրել ծննդյանս 40-ամյակի օրը» (տե՛ս Ն. Թումանյան, Հուշեր և զրույցներ, Երևան, 1969, էջ 94—95)։


ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

(«Բարի լուսի զանգեր զարկին...»)

(էջ 243, 481)

Ակունքը ժողովրդական է։ «Ամառ» վերնագրով տպագրվել է Աղեք. Մխիթարյանցի «Տաղեր ու խաղերում»։ Ժողովրդական երգն ունի յոթ քառատող, որոնցից Թումանյանն ընտրել է չորսը՝ վերադասավորել, փոխել տողեր ու բառեր, լեզուն դարձրել գրական-ժողովրդական, նախ վերնագրել «Գարուն», ապա՝ «Գարնան առավոտ»՝ կերտելով բոլորովին նոր բանաստեղծություն։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

ԳԱԹ Թֆ № 144 պահվում է «Հին կռիվը» պոեմի մի հատվածի սևագիր-ինքնագիրը, որտեղ Թումանյանը գրում է. «Առավոտը գյուղում երգում են», ապա մեջ է բերում այս բանաստեղծության առաջին քառատողը։

Աոաջին անգամ, «Գարուն» վերնագրով, տպագրվել է Հսկ, 1909, № 6—7, էջ 221։ Նույն թվականին, «Գարուն առավոտ» վերնագրով՝ Լ III, էջ 96—97, այնուհետև, «Գարնան առավոտ» վերնագրով՝ ԲՊ, էջ 129—130, «Ժողովրդական երգեր» բաժնում, ապա՝ ԵԺ 1, 156։

Արտատպվում է ԲՊ-ից։


ԳԵՏԱԿԸ

(«–Ո՛ւր ես վազում...»)

(էջ 244)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։