ԱԶՆԻՎ ՏԻԿՆԱՅՔ, ՋԱՀԵԼ ՀՅՈՒՐԵՐ
(էջ 388)
Գրված է 1901 թ. օգոստոսի 6-ին Ուրավելում, Հարություն Հարությունյանի տանը, բանաստեղծի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ, Մարիամ Տեր-Հովհաննիսյանի (հետագայում Տեր-Գրիգորյան) ալբոմում։
Ինքնագիրը մեր ձեռքին չի եղել։
Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1933, № 22 խմբագրության հետևյալ ծանոթագրությամբ. «Մեր մեծ բանաստեղծի այս անտիպ էջը մեզ տրամադրեց ընկ. Ստեփան Կանայանը, որը բնագիրն ստացել է 1928 թվին Կիսլովոդսկում, Մարիամ Տեր-Հովհաննիսյանից (Տեր-Գրիգորյան)։ Բանաստեղծությունը գրված է Ուրավել ամառանոցում (Ախալցխայի մոտ), հանպատրաստից, հիշյալ Մ. Տեր-Հովհաննիսյանի ալբոմում»։
Այնուհետև տպագրվել է ԵԺ I, 502, որտեղից և արտատպվում է:
«ՀԱՅՐ ԳԱՐԵԳԻՆ, ՄԵՆՔ ԵՐԵՔՈՎ...»
(էջ 389)
Գրված է 1901 թ. նոյեմբերի 19-ին։
ԳԱԹ Թֆ № 92 պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «19/XI, Թիֆլիս»։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 504—505։
Տպագրվում է ինքնագրից։
Ղ. Ալիշանի մահից հետո (որը տեղի է ունեցել 1901 թ. նոյեմբերի 9-ին) Թիֆլիսի հայ հոգևորականությունը հրաժարվել է այդ առթիվ հոգեհանգիստ կատարել՝ պատճառաբանելով, թե բանաստեղծը ոչ թե գրիգոր–լուսավորչական, այլ կաթոլիկ է եղել։ Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է այդ կապակցությամբ։
Հայր Գարեգինը վարդապետ, հետագայում Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին Հովսեփյանն է (1867—1952), որն այդ ժամանակ եղել է Թիֆլիսի թեմի առաջնորդի տեղակալ։ «Մենք երեքով» ասելով Թումանյանը նկատի ունի իրեն, Շիրվանզադեին և իրավաբան ու լրագրող Գևորգ Մելիք-Ղարագյոզյանին, որոնք հայ համայնքի կողմից պատգամավորներ են ընտրված եղել՝ թեմի առաջնորդին համոզելու, որ հոգեհանգիստ կատարվի Ղ. Ալիշանի համար։