Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԻՇԵՐ

Եկավ գիշերն՝ սփոփանքը
Անմխիթար սըրտերի,
Եվ սարերի կերպարանքը
Փոխվեց անեզր ստվերի։

5 Հաղթահարված խորին քնից՝
Պապանձվեցին ամեն տեղ,
Մութն ու խավար հորիզոնից
Ծագեց լուսին փառահեղ։

Եվ երկնքում բարձր կախված
10 Սիփան սարի կատարին,
Մունջ նայում էր նա դեպի ցած՝
Տխուր նիրհող աշխարհին։

Նըրա փափուկ, արծաթահեր
Հով շողերը իրանց հետ
15 Թափում էին հանգստաբեր
Նիհր ու թմբիր քաղցրավետ։

Սակայն գիշերն այն հեգ երկրում
Հանգստության փոխանակ
Ահ ու սարսափ է միշտ բերում,
20 Գաղտնի հարված ու տանջանք։

Գիշերային լռության մեջ
Ծանըր տնքոց է լսվում,
Եվ աղաչանք, և լաց անվերջ,
Եվ… ողջ լեզվով չի ասվում։

76