նկարները, կարծեմ, իրենց նմանը դեռ չեն ունեցել հայոց մանկական գրականության մեջ1։
Շուտով պատրաստ կլինի հետևյալը—«Փոքրիկ ձկնորսը»2/։ Ուրիշ բան է, որ թանկ է նստում։
էստեղ Մանգլիս միօրինակ խաղաղ կյանք ենք անցկացնում։ Մեր խաղաղությունը վերջին օրերս խանգարեցին միայն Գեորգի Իվանովիչը (Գիգան—Խատիսյան) և մեր Աշխենը, որ ամուսնացան ու գնացին Բաթում և կարծեմ դենը ավելի։
Ես վերջին ժամանակներս մի տեսակ թմրության մեջ էի ընկել։ Ղազարոսի մահը շատ խոր ազդեց և եղավ իմ մշտական թանկ վշտերից մինը։ Մարուսյան ինձ գրել էր, որ իմ նամակը չեք ստացել։ Երևի վերադարձին ստացաք։ Մենք հաճախ խոսում էինք նախազգացումից և նրա համար էլ Ձեզ գրեցի նախազգացումի էդ զարմանալի դեպքը, ոչ թե նախազգացումի, այլ ավելի շուտ հոգիների հաղորդակցության3։
Արդյոք ինչպես եք դուք ամենքդ, ինչպես է Միշայի առողջությունը։ Միշան երևի կվշտանա, որ համոզվի Օրմանյանի հանցավորությանը և վատ մարդ լինելուն4։ Ըստ երևույթին, գործը հասնում է վախճանին։
Ինչքան հայհոյեցին նրա համար մեր խեղճ Ղազարոսին5։ Ֆիլիպը մի նոր ծրագիր է առաջարկում մեր հրատարակությունների համար, բայց էդ մասին Թիֆլիսում կխոսենք6։
էստեղ ահագին բազմություն կա և վերադառնալը շատ է դժվարացել․ մինչև ամսի վերջը բռնված են արդեն բոլոր կառքերը7։
Բարևում են մերոնք։