Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


126. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս– Դիլիջան

<1912, հուլիս, ԹիֆԼիս>

Իսկի երևակայել չի կարող իմ անզուգական բարեկամուհին, թե ինչն է պատճառը նամակիս ուշանալուն։ Շատ հասարակ բան։ Բանտից գուրս գալուց մի քանի օր հետո սկսեցի թուլանալ, և բոլոր ինձ հետ արձակվածներն էլ նույնն էին ասում։ Վրա հասան և շոգերն, ու ամեն բան լրացավ, այնքան թույլ էի զգում ինձ, և մինչև այժմ էլ նույնը, որ կարգին նամակ գրելու անընդունակ եմ դարձել։ Այնինչ ուզում եմ Ձեզ գրել երկար, ամեն բան, մանրամասն։ Վերջապես տեսնում եմ շուտով չեմ լինելու այնպես, ինչպես պետք է լինեմ, գրում եմ։ Սակայն չկարծեք, թե առողջությունս է վտանգված, ոչ, այլ միայն թուլություն, որ առաջացել է երկար ժամանակվա ջղային, լարված դրությունից ու շոգից։

Շատ ճիշտ եք նկատել ու որոշել իմ դրությունը, իմ դրաման, սիրելի Մարիա Մարկովնա, անմեղ լինել, և չկարողանալ, կամ ավելի ճիշտը, հնարավորություն չունենալ հասկացնելու քո անմեղությունը, — այն էլ ինչպես անմեղ։ Երբ ամեն բան կպատմեմ, դուք էլ կզարմանաք և կտեսնեք, որ շատ բան կա, որ չգիտեք և ոչ ոք չի իմացել։ Բայց այդ բոլորից ես ունեի այն, ինչ որ ամենից էականն է հոգու լիակատար հանգստություն, միշտ և անվերջ վստահություն ու համարձակություն, երբ գործ ունեի հետները։ Ես գիտեի, որ ոչ մի հանցանքի բնավորություն ունեցող հանգամանք, թեկուզ ամենաչնչին, չեն կարող դեմս բերել, այնինչ, ես նրանց առջև կդնեմ անթիվ փաստեր, թե ինչպես եմ ես վարվել էն ժամանակ, երբ ամեն մարդ թողնված էր իր խղճին ու իր հասկացողությանը, վերջապես, այն ժամանակ և այն երկրում, ուր ես այնքան մեծ ազդեցություն ունեի։ Չէ որ ասված է — իշխանություն տուր ու փորձի մարդու հոգին։ Ես համարձակ կարողանում էի ասել ամեն բան, ինչ որ չի կարող ասել մեղավոր