160. ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ
Թիֆլիս-Աբասթուման
Սիրելի Հեղինե,
Ուրախ եմ, որ էդպես լավ զրուցընկերներ եք դուրս եկել դուն ու Նվարդը։ Մանավանդ դա կարող է շատ լավ ազդել և քո «տգիտության» վրա, և հույս ունեմ աշունքը բոլորովին փոխած կլինես <կարծիքդ> և նրա «գիտնականության» վրա — էնպես որ այսուհետև կիմանանք ինչ է ասում և ինչ գիտի։ Հիմի Տիգրանը կգա կմնա քեզ վրա զարմացած—թե, ախպեր, որ ես Բաքվից ճամփու դրի — իմ կնիկն էսքան բան չգիտեր, էս երբ սովորեց — էլ արևելքի հին կուլտուրաներ, էլ արաբերեն, էլ արագ խոսել, ֆրանսուհու նման։ Բայց մազալուն էն է, որ Նվարդը գրում է, թե Հեղինեի մոտ հայացա։ էս շատ էր լավը։
Ինձ էիր գրել Սայաթ-Նովի մասին։ ճիշտ—երեկո՞ւյթ։ Մի գրի, տեսնենք ինչ եք անում3։ Հետաքրքրական է։ Թե կարողանաք՝ լավ կլինի։ Արդեն Դիլիջան սկսում են– աշուղ Հաղիրիին ուղարկեցի էնտեղ։ Համբուրում եմ բալիկիդ։
161. ՆՂԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս—Աբասթուման
Նունիկ ջան,
Ես վաղն եմ դուրս գալու դեպի Ուրավել։ Կգրեմ քեզ Ախալցխայից կամ Ուրավելից։ Արտիկը գնալու է Մոսկվա, մի տարով արդեն ապահով է։ Մերոնք շատ գոհ են Դսեղ։