Հարյուր հազարավոր փախստականներ են գալիս Թուրքիայից Իգդիրի վրայով էջմիածին։ Առայժմ վերջը չի տեսնվում շարան-շարան եկող այդ մասսայի, որը շարժվում է բարձրացած փոշու մեջ։ Մեծամասնությունը կանայք և երեխաներ են, ուժից ընկած, հոգնած, սոված, բոբիկ. Նրանց պատմածները քրդերի և թուրքերի գազանությունների մասին լի են աննկարագրելի սոսկումով1..․
Փախուստին առիթ տվող պանիկան ընկել է անսպասելի կերպով, այս պատճառով ծնողները կորցնում էին իրենց երեխաներին, երեխաները՝ իրենց ծնողներին։ Ծնողներին կորցրած շատ երեխաներ սովածությունից և հոգնածությունից ուժ չունենալով, ճանապարհին հետ էին մնում և մեռնում, եթե չէին վերցնում նրանց ուրիշները։
Իգդիրում և էջմիածնում առայժմ հավաքված է այդպիսի 500 երեխա մոտավորապես։ էջմիածնի կոմիտեն նրանց տեղավորել է ճեմարանի շենքում։ Այժմ նրանք բնակարան և կերակուր ունեն, սակայն չկա կանացի հոգատար մի ձեռք, որ սրտագին ջերմությամբ կարկառված լինի դեպի այդ փոքրահասակ դժբախտ զոհերը։
Թող այս երեխաների մանկական աղերսը լսեն մեր սրտացավ տիկնայք, օրիորդներր և հայ կանանց հասարակական կազմակերպությունները։ Ցանկալի է, որ նրանք անհապաղ և ամեն տեղ կազմակերպեն մի առանձին կոմիտե և ուղարկեն էջմիածին՝ վարելու համար այստեղ մանկական ապաստարանը, մինչև որ վերջնականապես որոշվի այս երեխանց հետագա վիճակը2։