Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց եթե դուք էլ համաձայն եք՝ վերջին վճարները շինենք քսանական ռուբլի․ շատ է քիչ տասնականը։

Ձեր Հ. Թումանյան

239. ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀհԱՆԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս–Բաքու

3 հունիսի, 1916, Թիֆլիս

Սիրելի Տիգրան,

Շնորհակալ եմ ջերմ խոսքերիդ և լավ զգացմունքիդ համար։

Բայց ինձ ավելի շատ էն է հետաքրքրում, թե ի՞նչ ես մտածում դու, և ի՞նչ են մտածում առհասարակ մեր Բաքվի ընկերները ոչ թե էս կամ էն գրողի, այլ մեր գրականության մասին։

Ես անցյալները «Հորիզոնի» մեջ մի հոդված էի գրել, թե գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի․ առանց դրան գրականությունը մեր մեջ չի զարգանալ։ Գրականություն ասելով՝ բառի ընդարձակ մտքով եմ ասում՝ և գիտություն, և գեղարվեստական գրականություն, և հրապարակախոսթյուն։ Թող գրականությունը համարվի ազգային—կուլտուրական պաշտոնեություն, և նրա մարդիկ պաշտպանված լինեն ազգի կողմից։ Ես կարծում եմ էդ հնարավոր բան է, միայն թե մենք պետք է աշխատենք եղած միջոցներն ու մարմինները կազմակերպել և գիտակցություն առաջ բերել, տրամադրություն զարգացնել, ուրիշ կերպ չի կարելի։ Իսկ էս, ասում եմ, և հնարավոր է, և հեշտ։ Երեկ երեկո ինձ մոտ մի փոքրիկ խորհրդակցություն կար. խոսեցինք էդ մասին։ Խնդիրն սկզբում լայն էինք դրել—ազգային կուլտուրայի պաշտպանություն, բայց շուտով զգացինք, որ, գոնե առայժմ, էդ դժար է և ավելի լավ է կենտրոնանանք գրականության վրա, և առաջին գործն էն լինի, որ թե անձամբ, թե մամուլի մեջ պրոպագանդա անենք։