Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ լավ կլինի, որ դուք էլ էդտեղ սկսեք4, մինչև աշուն էսպես, իսկ աշնանը բազմամարդ ժողովներ կանենք։ Իհարկե, եթե մինչև աշուն մեր երկիրը ազատ մնաց աղետից, որովհետև մի ալիք, ինձ թվում է, դեռ պետք է գա էս ամառ ու զարկի, ով գիտի, մինչև Կովկասի պատնեշը։ Թեև վերջը բարի է։

Հիմի քեզ մի ուրիշ բան ասեմ։ Գուցե լրագրում կարդացիր գրող<ների> ընկերության հայտարարությունը, որ աշունքից էստեղ հայոց գրականության կուրսեր են բացվում։ Առայժմ երեք հոգի ունենք ի նկատի—Աղբալյան, Աբեղյան (Մանուկ) և Մատենճյան։ Իհարկե, եթե ընդարձակվի։ Արդյոք չի՞ կարելի, որ միանանք մենք ու Գրասերների ընկերությունը5–երկու սեմեստր, և էստեղ պահենք, և էդտեղ։ Հերթով էստեղից էդտեղ կգան, էդտեղից էստեղ։ Եթե խոսեք, խորհրդակցեր ու գտնեք մի որևէ ձևով ցանկալի ու հնարավոր, խնդրում եմ գրես։ Միասին հեշտ կպահենք և ավելի ուժեղ։ Աշունքից հրատարակում ենք և «Հուշագրեր հայոց գրականության»՝ րնկ<երության> օրգանը։ Եվ նյութեր հայոց գրականության պատմության — նամակներ ու դոկումենտներ6։

Տիկին Եսայանը ինձ մոտ կարդաց մեր Մխիթարի նամակը7, ուր մի քանի տողով ինձ դատապարտում է։ Իհարկե, լավ է անում, միայն մի պայմանով, որ էդ ընդունենք իբրև սիրող ընկերոջ ու բարեկամի ջերմ ցանկություն՝ ինձ տեսնել գրականությամբ պարապելիս։ Էդ ես էլ եմ շատ ուզել և շատ էլ ուզում եմ, բայց բանից դուրս է գալիս, որ իմ ու իմ բարեկամների ջերմ ցանկությունը հերիք չեն։ Այո՛, մենք պետք է անպատճառ ազգային պաշտպանություն կազմակերպենք մեր գրականության համար։ Ուրիշ կերպ՝ էսպես կերթա։

Քեզ պետք է ասեմ, որ շատ եմ հոգնած ու թույլ։ Գնալու ենք Բորժոմ, մեր Գիգան էնտեղ է ամառանոց վարձել ընդհանուր տնային խորհրդով, բայց ինձ շատ են վախեցնում բժիշկները, թե մալարիա կստանաս։ Իսկ աշխարհքում ես՛ ամենից շատ մալարիայից եմ վախենում, որովհետև ունեցել