Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


249. ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌԻՆ

Թիֆլիս—Պետրոգրադ

1916, հոկտեմբերի 27, Թիֆլիս

Հարգելի Նիկոլայ Յակովլևիչ,

Հայ գրողների ընկերության նախաձեռնությամբ, Թիֆլիսում, հայ մտավորականների և մեծատունների մի խումբ հիմք են դրել մի խոշոր ընկերության, որ, գրողների ընկերությունից անկախ, նպատակ ունի ապահովելու և զարգացնելու առհասարակ հայկական կուլտուրան և մասնավորապես հայագիտությունը իր բոլոր ճյուղերով1։

Առայժմ միտք կա բանալ հայոց լեզվի, պատմության և գրականության բարձր դասընթացները՝ միաժամանակ սկսելով նրանց հարակից գիտական հրատարակությունները՝ թե նյութերի և թե ուսումնասիրությունների։

Ընկերությունը դրա համար ոչ մի միջոց չի խնայելու, միայն թե կարողանա գործը դնել ու տանել ցանկալի ձևով։ Դրա համար նա ի նկատի ունի մի քանի կարող մարդիկ, որոնց դիմելու և նրանց կարծիքն ու պայմանները խնդրելու պարտականությունը դրել է ինձ վրա։

Այժմ, հարգելի Նիկոլայ Յակովլևիչ, խոնարհաբար խնդրում եմ՝ բարեհաճեք տեղեկացնել, թե Դուք ի՞նչ կարող եք առնել Ձեզ վրա էս գործի և ընդհանրապես գործունեության մեջ, ինչպե՞ս կուզեք դրված լինի գործը, կարո՞ղ եք մշտապես Թիֆլիս տեղափոխվել, թե միայն ժամանակավորապես կգաք, տարեկան քանի հազարով կհամաձայնեք, ի՞նչ հարմարություններ կուզենաք ունենալ, և առհասարակ ի՞նչ պայմաններ կառաջարկեք Ձեր կողմից2։

Միտք կա ստեղծել և հայկական ակադեմիա՝ մի քանի հոգուց բաղկացած։

Դրա հետ միասին խնդրում եմ գրեք, թե ճշմարի՞տ է, որ էս ձմեռ Թիֆլիս եք գալու։ Եթե ճշմարիտ է, արդյոք հանձն